Ցավալի լուր է հայտնի դարձել այն մասին, որ կյանքից հեռացել է բազմավաստակ բժիշկ Պետրոս Սեմերջյանը, որը կարևոր գործունեություն էր ծավալել բժշկության ոլորտում։ Հատկանշական է թմրաբանության ոլորտը, որտեղ բժիշկը նշանակալի գործունեություն է ծավալել։

Նա ղեկավարել է «Սիգմա Մեդ», որը զբաղվում է նարկոլոգիական արտահիվանդանոցային և տան պայմաններում բժշկական օգնության տրամադրմամբ, իսկ կենտրոնի սպասարկումը լիարժեքորեն համապատասխանում է միջազգային ընդունված չափորոշիչներին։

Հայտնի բժշկի մահվան փաստին ափսոսանքով ու ցավով անդրադարձել է նրա գործընկերներից Արմեն Մուրադյանը։ Նա իր ցավակցական խոսքում կարևորել է այն ոլորտները, որոնցում իր կարևոր ներդրումն է ունեցել Պետրոս Սեմերջյանը։

«Նա իր աշխատանքով մեր երկրում թմրաբանական ծառայության ձևավորման ակունքներում է կանգնած: Մեծ ավանդ ունի նաև ոլորտի մասնագետների պատրաստման, կախվածություններ ունեցող մարդկանց բուժման նոր մեթոդների ներդրման գործում»,- գրել է Արմեն Մուրադյանը՝ ցավակցելով Պետրոս Սեմերջյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին: