Հայտնի է, որ առաջիկայում հայկական կողմը հարևան երկրի հետ նպատակադրվել է սահմանազատման գործընթացներ իրականացնել, որոնք կատարվելու են քարտեզների հիման վրա, իսկ թե մասնավորապես ի՞նչ քարտեզների, դեռ հստակ չի հայտարարվում։

Քաղաքական գործիչներից Նարինե Դիլբարյանը, ով նաև լեզվաբան է, իր սոցհարթակում մի քարտեզի նկար է տեղադրել և գրել է հետևյալը․ «Ի գիտություն քարտեզասեր Փաշինյանի և նրա թիմի: Ահա 1927 թ. Հայկական ԽՍՀ քարտեզը, որտեղ չկան անկլավներ։

Գորիս-Կապան ճանապարհն անցնում է Հայկական ԽՍՀ տարածքով, ընդ սմին՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի հետ ՀԽՍՀ պետական սահմանը տասնյակ կիլոմետրերով հեռու է Կապանից, Արցախը սահմանակից է ՀԽՍՀ-ին: Հայկական ԽՍՀ-ն ունի 30,948 քառ կմ տարածք:

Այդ ինչո՞ւ այս և նման քարտեզներով չեք առաջնորդվում, այլ թուրքերի հրամցրած և հայկական տարածքները զավթած տարբերակներն եք հիմք ընդունում՝ ըստ էության մոլորեցնելով պատմությունից և կրթությունից միտումնավոր հետևողականությամբ հեռացված հայ հանրությանը»,- իր ասելիքը եզրափակում է Նարինե Դիլբարյանը։