«Վերջին օրերին Սոթքում տեղի ունեցած լարվածության ֆոնին լրահոսից դուրս մնացին պաշտոնական Անկարայի կողմից կատարված մի քանի հայտարարություններ, որոնք ուղիղ վերաբերում էին Հայաստանին և Արցախին»

Վահե Աղաջանյանը գրում է․ «Վերջին օրերին Սոթքում տեղի ունեցած լարվածության ֆոնին լրահոսից դուրս մնացին պաշտոնական Անկարայի կողմից կատարված մի քանի հայտարարություններ, որոնք ուղիղ վերաբերում էին Հայաստանին և Արցախին։ Նախ, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ներկայացրեց քարտեզ, որով, ըստ իրեն, Թուրքիան պետք է կապվի Չինաստանին։ Ուշագրավ էր այն, որ այդ քարտեզում բացակայում էր, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը․ ճանապարհը անցնում էր Իրանի տարածքով՝ շրջանցելով Ադրբեջանը։

Քըլըչդարօղլուի կողմից ներկայացված քարտեզը ամենևին չի նշանակում, որ իր՝ նախագահ ընտրվելու պարագայում հենց այդ նախագիծն է կյանքի կոչվելու։ Այս հարցում պետք չէ շտապել ոգևորվել, քանի որ Թուրքիայում գործում է խորքային պետություն և պետական քաղաքականությունը չի որոշվում անձերի կողմից։ Ավելին՝ ընդդիմության շարքերում Քըլըչդարօղլուի կողքին կանգնած է Ահմեդ Դավութօղլուն, որի «Ռազմավարական խորք» աշխատությունը առանցքային նշանակություն ունի Թուրքիայի պետական քաղաքականության մեջ, և այդ աշխատությունում ընդգծվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը պետք է միմյանց կապվեն ցամաքով։ Խոսքը հենց Զանգեզուրի միջանցքի մասին է։ Եւ ուրեմն, Քըլըչդարօղլուի ներկայացրած քարտեզը այս պահին բխում է Հայաստանի շահերից, բայց դա չի նշանակում, որ արդեն նախագահի պաշտոնում Քըլըչդարօղլուն չի պահանջելու Զանգեզուրի միջանցքը, քանի որ, ըստ էության, Զանգեզուրի միջանցքը կարող է գոյություն ունենալ նաև Քըլըչդարօղլուի ներկայացրած ծրագրից անկախ։ Դրանք իրար չեն հակասում։

Քըլըչդարօղլուի կողմից Միջին միջանցքի քարտեզի ներկայացնելու հաջորդ օրը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդես է գալիս ծավալուն հոդվածով՝ նշելով, որ Հարավային Կովկասում կա խաղաղություն հաստատելու հնարավորություն, սակայն դրա համար Հայաստանը պետք է վճարի Զանգեզուրի միջանցքով, որի բացվելը առանցքային նշանակություն ունի Թուրքիայի պետական քաղաքականության մեջ։ Աքարի հոդվածի հրապարակումից 2 օր անց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարում է, որ Թուրքիան Միջին Ասիային պետք է կապվի Զանգեզուրով և Ղարաբաղով։ Քարոզարշավի վերջին օրը թեմային անդրադառնում է առաջին դեմքը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտարարելով, որ ինքը չգիտի, թե ինչ քարտեզ է ներկայացրել Քեմալը, բայց Միջին միջանցքը պետք է անցնի Զանգեզուրով։

Ընտրություններին մնացել է 1 օր, սակայն վերջին հարցումները ցույց են տալիս, որ բացարձակ ֆավորիտ չկա։ Չնայած շատերը արդեն կանխորոշում են Քըլըչդարօղլուի հաղթանակը, սակայն այդ ամենը ընդամենը տեղեկատվական արշավի համատեքստում է։ Հարցումների կեսը Քըլըչդարօղլուի օգտին են, մյուս կեսը՝ Էրդողանի, ուստի, թե ինչպիսին կլինեն իրական արդյունքները, պարզ կլինի միայն վաղը։ Հայաստանի համար ի՞նչ նշանակություն ունեն ընտրությունների արդյունքները։ Եթե փորձենք շատ կարճ ձևակերպել, ապա Էրդողանի հաղթանակի դեպքում աշխարհը գործ է ունենալու արդեն այլ Էրդողանի հետ, մի Էրդողանի, որը փաստացի հաղթեց բոլորին․ նրա դեմ է դուրս եկել ամբողջ ընդդիմությունը, որին բացահայտ սատարում է արևմուտքը։ Եթե Էրդողանին հաջողվի հաղթել և ամրագրել այդ հաղթանակը, ապա նա գործելու է շատ ավելի անկախ, շատ ավելի անկաշկանդ, շատ ավելի ագրեսիվ, քան նախկինում։

Նախընտրական քարոզարշավը ցույց տվեց, որ Էրդողանի օրակարգում Զանգեզուրի միջանցքը արդեն իսկ առաջնային նշանակություն ունի, հետևաբար եթե հաղթում է Էրդողանը, ապա Հայաստանի առաջ այս հարցը դրվելու է առաջիկա շաբաթներին, դրվելու է շատ կոշտ, շատ ուղիղ և արդեն Թուրքիայի կողմից Երևանին ներկայացվելու է հստակ վերջնաժամկետ։ Եթե հաղթի ընդդիմությունը, ապա որևէ երաշխիք չկա, որ Զանգեզուրի միջանցքի հարցը ինչ-որ պահի չի դրվի Հայաստանի առաջ, սակայն այս սցենարի դեպքում Հայաստանը հնարավորություն կստանա թեկուզ չնչին, բայց ժամանակ շահել և հասկանալ այն վերադասավորումները, որոնք տեղի են ունենալու տարածաշրջանում, իսկ Քըլըչդարօղլուի հաղթանակի դեպքում այդ վերադասավորումներն անխուսափելի են»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: