«Ու հանկարծ Գայանեն ենթարկվում է ավտովթարի: Բայց նա փողոցն անցնում էր հետիոտնի համար նախատեսված տեղով․․․»

Վրաերթից ամիսներ առաջ մահացած լրագրող Գայանե Բաբայանի մասին Հովհաննես Պապիկյանը գրում է․ ««Հրապարակ» թերթում նախ նրա հոդվածը պիտի փնտրեի – Գայանեն գրում էր չափազանց ուշագրավ հոդվածներ, համարձակ էր, եթե գրածը վերաբերում էր ազատ խոսքի եւ մարդու իրավունքների սահմանափակումներին, եթե որեւէ պաշտոնավոր փորձում էր անցնել իրեն վերապահված սահմանները:

Ու հանկարծ Գայանեն ենթարկվում է ավտովթարի: Բայց նա փողոցն անցնում էր հետիոտնի համար նախատեսված տեղով։ Դա 2010 թվականին էր: Գայանե ջան, երկիրը շտկած լիներ իր մեջքը, ու դու էլ մնայիր քո Հաղպատում: Թե մնայիր քո Հաղպատում՝ մենք, ճիշտ է, չէինք ունենա արդարամիտ, պոռթկուն խառնվածքի լրագրողիդ, բայց կշարունակեինք ունենալ քեզ՝ քո Հաղպատում, եւ երբ այցի գայինք վանքային համալիր, դու տեղացու իմացությամբ զբոսապտույտի կտանեիր մեզ ու կշարունակեիր ապրել ու ստեղծագործել, կշարունակեիր գրել քո շշմելու բանաստեղծությունները:

Հաղպատում տատրակների, ճնճղուկների երգեցողություն էր ու սիզամարգերի սվսվոց, Հաղպատում ի՞նչ մեքենաների հոսք, ի՞նչ հաբռգած վարորդներ, որ փողոցը օրինական անցումով անցնելդ խաթարեին՝ կյանքդ խլելու գնով: Երկիրը շտկած լիներ իր մեջքը, ու դու քո հարցազրույցները, քո հոդվածները գրեիր Հաղպատից, գրեիր՝ ոչ թե վերքիդ սպին բացելով, ոչ թե ափսոսանքիդ ու մղկտոցիդ միջից կերպարներ պեղելով, որոնք հենց քո՛ ցավի, քո՛ ափսոսանքի մարմնացումն էին, այլ գրեիր քո հրաշք բնության մասին, քո հրաշք անտառի Պանը դառնայիր ու մեզ՝ քո ընթերցողներիս, խաղաղության ու հաշտության բավարարությունը բերեիր:

Երկիրը շտկած լիներ իր մեջքը, ու դու էլ քո հողոտ, մղեղոտ Լոռվա երգիչը մնայիր՝ քո հրաշալի բանաստեղծություններով, որոնց հավաք գրքի շնորհանդեսն անեինք ո՛չ թե քո բացակայությամբ, այլ թագուհու նման քեզ բազմած տեսնելով բեմում: Ու դու ի՛նքդ կարդայիր քո գրքից.

«Իմ բեռը շատ է. ուսդ տակը տուր,

Սրբիր աչքերս կամ հեռվից նայիր,

Պարտված եմ ցավին, դու իմ տե՞րն ես,

Ազատ լինեի` ճորտդ լինեի,

Ո՜նց եմ քեզ սիրում, ո՜նց եմ տառապած,

Ոնց փախչեմ ինձնից ու քոնը լինեմ…

Ես լքել եմ ցավս, բայց դու ցավս չես,

Դու ոչ իմ ցավն ես, ոչ էլ ցավքաշս… »:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: