Գայանե Աբրահամյանը գրում է․ «Աֆղանստանի օրինակը գուցե թվա շատ հեռու է մեզնից եւ սցենարը կիրառելի չէ, բայց նմանություններն անասելի շատ են, ցավոք, ու եթե հիմա էլ չլրջանանք, գոնե այլոց սխալներից դասեր չքաղենք, ամենասարսափելի սցենարն էլ հնարավոր է դառնալու (չնայած մեր գլխին թափվածից անգամ դասեր չքաղեցինք)։

Նախ` հեռու չենք, բացարձակ հեռու չենք, հաշվի առնելով Իրանի սահմանակցությունն ու Իրանի նկատմամբ թալիբների նկրտումները, որոնց շահերը որոշ հարցերում լիովին համընկնում են Թուրքիայի շահերի հետ, թուրքերը վաղուց ակտիվ գործողությունների են անցել ու բանակցում են թալիբների հետ։

Երկրորդ` առնվազն տասը տարի շարունակ այսպիսի սցենարի զարգացման միտումներն ակնհայտ էին, վստահաբար հնարավոր էր կանխատեսել նման վերջաբան, սակայն ինչ էր անում աֆղանական իշխանությունը, ԱՅՈ’, աներեւակայելի չափերի հասնող ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ մեջ թաղված գռփում էր ամերիկյան փողերը։

143 մլրդ-ից ավելի գումար է ներդրվել պաշտպանական ու կառավարման համակարգերի կառուցման ու զարգացման վրա, միայն 88 մլրդ դոլար հենց զինված ուժերի վրա (աղբյուրը` BBC), մինչդեռ զարգանում ու աճում էր բացառապես կոռուպցիան ու ներքաղաքական գզվռտոցը։

Երրորդ` հույս ունեին, որ ԱՄՆ զորքը իրենց փրկելու է, հո չեն թողնի, որ կորցնեն պետությունը, նույն մտայնությունն ինչ մենք ունեինք ոչ միայն այսօր, այլ նաեւ 100 տարի առաջ, կորցրեցին, կորցրեցինք։ Ուշքի գալու եւ լրջանալու ժամանակ այլեւս ՉՈՒՆԵՆՔ»։