«Արոտավայրերը մնացել են թշնամու տարածքում, անասուններ պահելու հնարավորություն չկա, չնայած, որ պատերազմից հետո անասուններն էլ չկան։ Սահմանապահ երեխաները հացի խնդիր ունեն․․․»

Դիանա Գրիգորյանը գրում է․ «Վերջերս վերադարձանք Արցախից։ Զգացողություններս աննկարագրելի ծանր էին։ Անտանելի էր տեսնել հանձնված հողերը, դատարկված բնակավայրերը, հատկապես Շուշին։ Չափազանց դժվար էր անցնել մեր լեռների միջով, որոնք վեհ կանգնած նայում էին իրենց դավաճանած մարդկանց։ Մեզ, որ չգնահատեցինք և չսիրեցինք մեր նախնյաց հողն այնքան, որ չհանձնեինք այն թշնամուն։

Չէի կարող նաև չայցելել ինձ համար ուխտատեղի դարձած Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղերը, ուր պատերազմի օրերին ամեն վարկյան էի մտովի լինում’ փորձելով պատկերացնել այն վայրերը, որտեղ օր ու գիշեր կռվում և մեր հայրենիքն էին պաշտպանում տղաս, երկու երբարյներս և էլի ինձ համար շատ թանկ մարդիկ։ Գյուղերը կային մեր տղերքի շնորհիվ։

Սիրտս պայթում էր, երբ գիտակցում էի, որ էլի շատ բնակավայրեր կարող էին կանգուն մնալ, եթե բոլորս այսքան սիրեինք մեր հայրենիքը և հանուն նրա պատրաստ լինեինք սխրանքներ գործել։ Տղերքը արել էին դա և նրանց շնորհիվ գյուղում վազվզում են տխուր աչքերով, բայց ժպտացող երեխաներ։ Կյանքը շարունակվում է։ Թաղավարդ գյուղի հենց տղերքի դիրքից այն կողմ մի փշալարով առանձնացված գյուղի մյուս հատվածն է, որը արդեն թշնամունն է դարձել։

Եթե շատերի համար պատերազմն ավարտվել է, այդտեղ այն չի կարող ավարտված լինել։ Փշալարից մի քանի մետրի վրա տներ են, որոնք ցավոք շուտով կդատարկվեն, որովհետև գյուղացիները չունեն ապրուստի ոչ մի միջոց։ Արոտավայրերը մնացել են թշնամու տարածքում, անասուններ պահելու հնարավորություն չկա, չնայած, որ պատերազմից հետո անասուններն էլ չկան։ Գյուղերը չունեն նաև ոռոգման ջուր։ Սահմանապահ երեխաները հացի խնդիր ունեն։

Մարդկանցից շատերը վերադարձել էին հայրենի գյուղ, ոմանք էլ գնացել էին ավանդական ճանապարհով՝ որտեղ հաց, այնտեղ կաց։ Դժվար է մեղադրել մարդկանց և ասել, որ պետք է ապրեն վտանգներով և խնդիրներով լեցուն տարածքում, եթե մենք տաքուկ և հարմար նստած ենք մեր տներում։ Տղերքից տասը իրենց կյանքն էին զոհել հենց այս հողի և երեխաների համար։ Միթե մենք հիմա իրավունք ունենք չլինելու այս մարդկանց կողքին և թույլ տալու լքել կյանքի գնով պահված տարածքները։

Հիմա մենք պետք է մեր պարտքը կատարենք՝ սատար կանգնելով սահմանապահ երեխաներին, մայրերին և հայրերին։ Մոտակա ժամկետներում նախատեսում ենք կրկին այցելել գյուղեր, որպեսզի հասկանանք, թե ինչ կարող ենք հիմնել, որ մարդիկ ապրուստի միջոցներ ունենան և ստիպված չլինեն լքել իրենց բնակավայրերը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: