Այսօր գնդապետ, տաղանդավոր ու նվիրյալ հրամանատար Արտյոմ Միրզոյանը կբոլորեր ծննդյան քառասունինը տարին։

Նա արցախյան առաջին պատերազմի ժամանակ թանկագին կորուստ է ունեցել․ կորցրել է եղբորը՝ Արմեն Միրզոյանին։

Արտյոմը խոստացել է անպայման հատուցել այդ թանկ կորստի գինը՝ բռնելով զինվորականի ճանապարհը։ Արտյոմ Միրզոյանը իր զինվորական ուղին սկսել է նախ որպես կուրսանտ, հետո նաև՝ դասակի, վաշտի, գումարտակի հրամանատար։

Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Արտյոմը գործուն մասնակցություն է ունեցել նախ Ջաբրայիլի, ապա նաև Շուշիի պաշտպանական մարտերին։ Որպես հրամանատար՝ միշտ կանգնած է եղել ամենաթեժ կետում՝ խրախուսելով իր հրամանատարության ներքո մարտնչող զինվորներին։

Արտյոմ Միրզոյանը երկու դուստրերի հայր էր։ Շուշիի պաշտպանական մարտերի ժամանակ նա զանգել է աղջիկներին, խոսել նրանց հետ, պատվիրել, որ իրենց արարքներով միշտ բարձր պահեն իր պատիվը։

Դուստրերը մեծ հպարտությամբ ու անսփոփ կարոտով են խոսում սիրելի հայրիկի մասին։ Հենց Շուշիի մարտերի ժամանակ էլ հրամանատարն անմահացել է։