Շենգավիթի Բ/Կ-ի հարթակում գրված է․ «Հաճախ ստանում ենք այսպիսի հուզիչ ու գեղեցիկ նամակներ, որոնք ուզում ենք կիսվել մեր հետեւորդների հետ․ «Մարդկային ծնունդն իր անօրինակ դրսևորմամբ բոլորիս է քաջատեղյակ։ Այնուամենայնիվ, երևույթի ընկալումը կյանքի յուրահատուկ հասունություն է պահանջում։

Մեր գոյության ամենագեղեցիկ գործընթացը՝ ծնունդը, անհնար կլիներ առանց մանկաբարձների ու գինեկոլոգների, ում հետ նույն հարկի տակ աշխատում եմ ես՝ ներկա գտնվելով մարդկային նոր պատմության ստեղծմանը։

Վերոշարադրյալը հիմք է հանդիսանում, որ իմ երախտիքի խոսքը հղեմ գինեկոլոգիայի բաժնին, հանձինս ղեկավար Սիրունյան Աշոտի։ Վերջիններս անձնվիրաբար ու մեծ հոգատարությամբ են կատարում իրենց աշխատանքը, մարդկային ամենավեհ արժանիքների արտահայտումն իրենց գործողություններում վստահություն է ներշնչում։

Օրեր առաջ աղջիկս իր առաջնեկին լույս աշխարհ բերեց հենց իրենց շնորհիվ, ու անսահման է այն երախտիքը, որ ունեմ ձեր նկատմամբ։ Վիրահատող բժիշկը Բաբելյան Անին էր, ում ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել։

Շարունակելով երախտիքի ուղերձը՝ ուզում եմ անդրադառնալ Մարինե Փարսադանյանին՝ որպես վիրահատարանի բաժնի ղեկավարի, իր մասնագիտական ու մարդկային բարձր դրսևորումների ու արժեքների համար։ Այսպիսով, շնորհակալ եմ բոլորիցդ։

Հ.Գ. նկարում իր ամենաանկեղծ էմոցիաներն է արտահայտում Դիանան Սարգսյան` գինեկոլոգիայի թիմի արժանի անդամներից մեկը»: