«Փաշինյանի վերարտադրման միակ մեղավորը Քոչարյանն է, իսկ Քոչարյանի նման «հաջողության» միակ պատասխանատուն․․․»

Հարութ Ուլոյանը գրում է․ «Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Փաշինյանի հաղթանակը պայմանավորված չէր «նախկինների վերադարձի» գործոնով, և արդյո՞ք միասնական դաշինքով հանդես գալու Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը մերժելը չէր նույն պարտության պատճառը, Ռոբերտ Քոչարյանը պաստասխանել է, որ եթե այդ դաշինքը ստացվեր, ապա «նախկինների գործոնը» ավելի ազդեցիկ կլիներ:

Քոչարյանը, փաստորեն, «գեղեցիկ» կերպով շրջանցում է այն կարևորագույն նախապայմանը, որն առկա էր Տեր-Պետրոսյանի առաջարկում: Այդ առաջարկում գլխավոր նախապայման էր հանդիսանում այն, որ «նախկիններից» ոչ ոք չպիտի հավակնի պետական պաշտոնի: Այսինքն, Տեր-Պետրոսյանի առաջարկն, իրականում, ոչ մի կերպ «նախկինների վերադարձ» չէր կարող ընկալվել, առավել ևս՝ համեմատական կարգով:

Տեր-Պետրոսյանի առաջարկի կայացումն արգելակելու էր ձայների մեծամասնությունը հավաքելու Փաշինյանի հնարավորությունը՝ չեզոքացնելով Քոչարյանի նկրտումները, ինչն էլ, ինքնըստինքյան, շատ ավելի լայն ժողովրդկան համախմբման հնարավորություն էր ստեղծելու: Ի տարբերություն նման հեռանկարի, Քոչարյանը ողջ քարոզարշավի ընթացքում խոսում էր ծայրահեղ անձնավորված և իր ժամանակների «ծաղկուն զարգացմանը» վերադառնալու մասին:

Քոչարյանն առաջնորդվեց ոչ թե Փաշինյանին հեռացնելու նպատակադրմամբ, այլ անպայմանորեն, որպես Փաշինյանի այլընտրանք, սեփական «ես»-ը հրամցնելու մոլուցքով: Արդյունքում ստեղծված իրավիճակն աշխատեց բացառապես Փաշինյանի օգտին։

Հասարակության մի զգալի մասը, բառիս բուն իմաստով, սարսափած Քոչարյանի վերադարձի հեռանկարից, նույնիսկ ատելով Փաշինյանին, այնուամենայնիվ իր քվեն տվեց վերջինիս: Ըստ այդմ, Փաշինյանի վերարտադրման միակ մեղավորը Քոչարյանն է, իսկ Քոչարյանի նման «հաջողության» միակ պատասխանատուն՝ Փաշինյանը»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: