Հովհաննես Պապիկյանը գրում է․ «Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի (ներկայիս համալսարան) ընդունելության քննություններին հայոց լեզվի գրավորից իմ շարադրության մեջ հայոց լեզվի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Բեդիրյանը վեց տառասխալ էր նկատել: Միանշանակ է, որ դա «անբավարար»-ի գրավոր էր: Սակայն Բեդիրյանն այն գնահատել էր «բավարար»:

Գրավորը ազատ թեմայով շարադրություն էր՝ «Մեր բակը» թեմայով: Տետրի երեք էջում իմ ծննդավայր գյուղի ամբողջ պատկերն էր՝ մեր բակից սկսվող, գյուղը գոտեւորող սարերով ու անտառներով, գյուղի մարդկանցով վերջացրած: Բեդիրյանը «բավարար» գնահատելու ձեւը գտել էր` «Ես բովանդակությունը գնահատում եմ 5+, իսկ տառասխալների «մեղավորը» համարում եմ Ախալցխայից եկած այդ պատանու բարբառի եւ նրա հայոց լեզվի ուսուցչին»:

Մեկ ուրիշ դասախոս այդ ամենի «զահլեն» չէր ունենա, բայց Բեդիրյանն ունեցավ՝ անծանոթ մի դիմորդի համար հետագա ճանապարհ անցնելու ուղի բացելով: Այդ մեկ «ուրիշ»-ը, որ ցավոք հայոց լեզվի իմ դասախոսն եղավ ամբողջ չորս տարի, շատ վատ զգաց, երբ ես՝ առաջին կուրսի ուսանողս, ինստիտուտի «Մանկավարժ» թերթում ակնարկ տպագրեցի Պետրոս Բեդիրյանի` կատարյալ մանկավարժի, հմուտ լեզվաբանի ու մարդկային առաքինություններով օժված մարդու մասին:

Գրել էի Բեդիրյանի մասին` լինելով իր ենթախմբի ուսանողը: Սա նրա կողմից չներվեց, եւ այդ պատճառով էլ ինձ համար նա «ուրիշ» էր, իսկ Բեդիրյանը` հարազատ ու մարդկային մարդ: Այդ «մեկ ուրիշը» բոլոր տարիներին դասախոսում էր իր հետ բերած տետրից տեքստ կարդալով: