Արմեն Հովհաննիսյանը գրում է․ «Դոնեցկում մահացել է նախկին լրագրող Անդրեյ Բաբիցկին։ Հայտնի է նրանով, որ չեչենական պատերազմի ժամանակ ծայրահեղ չեչենամետ դիրքերում էր, և ռուսները նրան բռնեցին և փոխանակեցին մի քանի ռուս գերիների հետ։

Հետո 2014 թ դուրս եկավ ռուսական «Ազատությունից», ծայրահեղ ռաշիստական հայացքներ սկսեց քարոզել, հայոյել Արևմուտքը և ժողովրդավարությունը։ Հիշեցի, որ մի անգամ մասնակցել եմ իր վարած հաղորդմանը։

Կանչել էին ինձ, մեկական վրացի ու ազերի։ Ադրբեջանցին լացում էր, որ մեծ ռուսական մշակույթը հեռանում է ու իրենք անտեր ու վայրենի վիճակում են մնացել։

Վրացին ավելի ադեկվատ էր։ Ես փորձում էի հասկացնել, որ պոստ կայսերական շրջանում ռուսականության նահանջը անկախացած երկրներում բնական երևույթ է, ու մենք՝ հայերս․ մշակույթ ունեցել ենք և մինչև Ռուսաստանին միանալը և կարող ենք յոլա գնալ առանց ռուսական լեզվական-մշակութային գերակայության։

Չնայած իրար չէինք տեսնում, միայն լսում էինք, հստակ զգացվում էր իր լարվածությունը ու մերժումը իմ թեզերի։ Հետագա կյանքը ցույց տվեց, որ ճիշտ եմ հասկացել։ Մահախոսականներից իմացա, որ ծագումով տաջիկ էր, ինչն էլ ավելի բացահայտեց իր կերպարը, ռուսկի միռի, կայսրության հանդեպ սերը, ռուսից ավելի Իվան լինելու ձգտումը»։