«Նայում էին ու պահանջում պահել այն, ինչի համար իրենք չեն խնայել ամենաթանկը․․․» մանկավարժի հուզիչ գրառումը

Մանկավարժ Արսեն Վարդանյանը գրում է․ «Եռաբլուր գնացի։ Նկարներից ժպտերես, խրոխտ, մանկադեմ ու հասուն տղերքն էին նայում խեղճացած անցորդներիս անհաստատ քայլերին։ Նայում էին ու պահանջում պահել այն, ինչի համար իրենք չեն խնայել ամենաթանկը, պահել ու չխեղճանալ, ինչպես իրենք հերոաբար պայքարեցին անհավասար մարտերում։

Թարմ ծաղիկներ դրեցի ծանոթ ու անծանոթ շիրիմներին, ուղղեցի քամուց ընկած ծաղկամանները, խճճված դրոշները, անհագ ու անկուշտ լացեցի: Մի քանի շիրիմների մոտ որդեկորույս մայրերի տեսա, սիրելիի շիրիի մոտ գլխիկոր նստած ջահել կանանց ու աղջիների, մոտեցա, նստեցի իրենց կողքին, եղբոր իրավունքով բռնեցի ձեռքը, խոսեցինք, լացեցինք միասին։ Տղերքին ու ինքներս մեզ խոստացանք ապրել, որքան էլ դժվար է։

Եվս մեկ անգամ խոստացանք մեր ուժերի չափով անել ամեն բան, որ ապրի հայը, որ հավերժ լինի Հայաստանը։ Այո՛, կյանքն այլևս առաջվանը չէ, ուրախություններս կիսատ են, ժպիտներս` կեսարցունք, խաղաղ կենսակերպը` վտանգված, բայց պիտի միասնական դառնանք, մի քիչ իրար ներել սովորենք, իրար օգնենք, կարեկցենք, խրախուսենք, լավ գաղափարներին սատարենք, հավատանք, որ էլի խաղաղ կբացվեն արշալույսները։

Ընկերներ, քույրեր, եղբայրներ, սիրելի՛ հայրենակիցներ, մենք այս պահին մեկ թշնամի ունենք, նա սահմանից այն կողմ է, ներսում այնքան սիրենք իրար, որ դավաճաններն անգամ ամաչեն իրենց անիմաստ գոյությունից»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: