ԱՄՆ-ի Տեխաս նահանգում բնակվող Ադրիանա Էդվարդսն իր մշտական հաճախորդներից շատ ճոխ թեյավճար է ստացել՝ ավտոմեքենա:
Աղջիկը մատուցողուհի է աշխատում «Դենիի մոտ» ռեստորանում արդեն մի քանի տարի և ստիպված է ամեն օր մոտ 40 կմ երթևեկել 5 ժամում՝ տնից աշխատանքի և հետ հասնելու համար: Աղջիկը գումար էր հավաքում, որ ավտոմեքենա գնի և կարողանա ավելի արագ հասնել աշխատանքի։

Մի օր հաճախորդները պատահաբար իմացան իր երազանքի մասին: Նրանք վճարեցին իրենց պատվերի գումարը և հեռացան, սակայն մի քանի ժամից վերադարձան ռեստորան: Նրանք Ադրիանային տվեցին սպիտակ Nissan Sentra 2011 մակնիշի ավտոմեքենայի բանալին:
«Նա այնքան հուզված էր որ միանգամից չկարողացավ ուշքի գալ։ Դա ինձ համար երջանկություն էր»,- նշել է նվերը մատուցած կինը, որը ցանկացել է անհայտ մնալ:

Նվերի պայմանը միայն մեկն էր․ նա էլ, երբ հնարավորություն կունենա․ պետք է աջակցություն ցույց տա կարիքավոր որևէ մեկին: Հիմա ,երբ Ադրիանան այլևս կարիք չունի իր փոքր քաղաքից այդքան երկար ճանապարհ կտրել-անցնել՝ աշխատանքի հասնելու համար, նա կարող է իր ծրագրածից շուտ քոլեջ ընդունվել՝ այլևս չհավաքելով մեքենա գնելու գումար։
Ադրիանան մինչ այժմ չի հավատում երջանկությանը և խոստացել է՝ անպայման կօգնի կարիքավորներին: Հիմա աղջիկը ճանապարհը, որ անցնում էր 5 ժամում, աղջիկն անցնում է ընդամենը կես ժամում, և դա իրեն անհավանական է թվում:

«Ինձ թվում է՝ ես քնած եմ։ Երկու ժամը մեկ մոտենում եմ պատուհանին ու նայում ավտոմեքենային, արդյոք այն տեղում է, թե ոչ։ Չեմ հավատում իմ երջանկությանը։ Անպայման երբ որևէ կարիքի մեջ գտնվող մարդ հանդիպեմ, կանեմ հնարավորին ամեն ինչ, որ օգնեմ նրան, ինչպես ինձ օգնեցին»,- նշել է Ադրիանան: