Այսօր հանճարեղ պոետներից շատերին սիրելի Վահան Տերյանի հերթական տարեդարձն է։ Մեծ պոետը ծնունդով Գանձայից՝ Ջավախքից է։ Նրա ընտանիքում նախնիները՝ Տեր-Գրիգորյանները, հոգևորականներ էին։
Պատանի Վահանը նախ Թիֆլիսում է կրթություն ստացել, ապա փոխադրվել է Մոսկվա՝ Լազարյան հռչակավոր ճեմարան, որտեղ էլ կատարելագործել ու համալրել է գիտելիքները՝ դառնալով ժամանակի լավագույն գրագետներից մեկը։

Նա զբաղվել է միաժամանակ ստեղծագործական աշխատանքով, հասարակական գործունեությամբ ու հետազոտական ուսումնասիրություններով։

Նա էր, որ իր անաղարտ ու ջինջ պոեզիայով մաքրեց ոչ միայն հայ երիտասարդների սրտերն ու հոգիները, այլ նաև հայոց լեզուն։ Նա մեր լեզվին յուրօրինակ պերճություն հաղորդեց՝ հիմք դնելով միանգամայն նոր բանաստեղծական ուղու։

Նա մինչ հիմա էլ շատ ստեղծագործողների համար ստնտու է շարունակում մնալ, աղբյուր, որից օգտվում են առաջին քայլերն անող ապագա պոետները։

Ցավոք, մեծ բանաստեղծն արժանանում է մեր շատ արժանավոր մտավորակաների ճակատագրին․ մահանում է օտարության մեջ՝ Օրենբուրգում, իսկ հետո նրա գերեզմանը կորում է։