Նարեկ Սարգսյանը գրում է․ «Բարեկամներ, իհարկե երկրի վիճակը դժվար է։ Վերջին 2 տարվա իրադարձություններից հետո մենք ամեն օր վճարում ենք մեր սխալների, բաց թողած շանսի համար։ Ունենք անդառնալի կորուստներ, մարտահրավերները ահավոր մեծ են ու դժվար։ Ցանկացած գիտակից մարդու համար էլ ծանր վիճակ է և նորմալ է, եթե տանջվում եք։

Միևնույն ժամանակ ինչքան էլ վիճակը ծանր լինի, դա չի արդարացնում նվնվացողների նվնվոցը, անիմաստ մեղավոր ու անմեղ փնտրելը (չհաշված քաղաքական գնահատականները, որոնք կան ու պետք է լինեն), չի արդարացնում լացկանությունը, չի արդարացնում դավադրության տեսություններ տարածելը ևն։ Առհասարակ լացկանությունը ահավոր հատկություն է և պետք է թարգել։ Ինչքան երկրի վիճակը ավելի ծանր, այնքան յուրաքանչյուր քաղաքացուց պահանջվում է լրջություն և պատասխանատվություն։

Հայաստանը սպառել է ճակատագրական սխալներ անելու իր իրավունքը և եթե այդպիսի սխալներ այլևս չանենք, եթե մոռանանք հայդատականությունը, ֆիդայիի մտածելակերպը և հասկանանք օրենքները, որոնցով ապրում է ժամանակակից աշխարհը, մեր երկիրը հնարավոր է համեմատաբար կարճ ժամանակվա ընթացքում դարձնել առաջադեմ, ապահով և արագ զարգացող երկիր, ուր կցանկանան վերադառնալ արտաղթածների մեծամասնությունը։ Դա ոչ միայն հնարավոր է, այլ նաև հեշտ, եթե 10-20 տարի երկիրը նորմալ կառավարվի։

Թեկուզ պարտված ու թուլացած, թեկուզ անվտանգության խնդիրներ ունենալով, միևնույն է, Հայաստանը կա, կանգուն է, շնչում է, գործում է։ Հայաստանը չի մահացել և չի մահանա։ Հայաստանը անպայման ոտքի կկանգնի։ Հայաստանում կա՛ն քաղաքական գործիչներ, քաղաքական լուրջ մտածողներ, քիչ են, բայց կան և իրենք դեռ իրենց խոսքը ասելու են։ Հայաստանը ունի թշնամիներ, բայց ունի նաև դաշնակիցներ։ Հայաստանը իր արժանապատվությունը կվերականգնի և նորմալ պետություն կդառնա։ Մեր պատմությունը դեռ նոր է սկսվում»։