Լրագրող Բորիս Նավասարդյանը, անդրադառնալով ընդդիմադիրների՝ օրեր շարունակ ձգվող ցույցերին, տեղում տիրող մթնոլորտին ու տրամադրություններին, բավականին հումորային հրապարակում է արել, որն ունի նաև սարկաստիկ տարրեր։

Բորիս Նավասարդյանը գրել է հետևյալը․ «Երեկոյան 9-ի կողմերը քայլում էի դեպի տուն ԱԺ շենքի մոտով: Իրավապահների քանակը մի քանի անգամ ավել էր, քան հավաքված պիկետ անող քաղաքացիների:

Իմ տեսած կոնկրետ գործով զբաղված միակ ոստիկանը, ազատելով սելֆի անելու անհարմարությունից ցուցարարներից մեկին, վերջինիս հեռախոսով նկարում էր իրեն մի խումբ ընկեր կամ ընկերուհիների շրջապատում:

Օդում կախված էր ալկոհոլի կայուն բուրմունքը: Բոլորից ուրախ են չիպավորված փողոցային շները` գիշերվա մենությունը իրենց չի սպառնում։

Տարիների ընթացքում շենքեր եւ փողոցներ արգելափակելու հետաքրքիր մշակույթ է ձեւավորվել մեզանում` ծայրահեղ թեժ հռետորաբանություն ցույցերի, երթերի ժամերին եւ համերաշխ, խաղաղ մթնոլորտ դրանց արանքում»,- նկարագրությունների իր շարքն ավարտում է հրապարակման հեղինակ Բորիս Նավասարդյանը։