«Լրատվական բաժիններում տարածվող ամենազիլ ու սուր անեկդոտների բոլոր ճանապարհները միշտ տանում են դեպի Փայտյան․․․» ի՞նչ են պատմում սիրելի հաղորդավարուհու մասին

Սյունե Սևադան Գայանե Փայտյանի մասին գրում է․ «Երբ գույժը լսեցի, առաջին պատկերը, որ աչքիս առաջ եկավ՝ Փայտյանն է, ընկերների լեզվով ասած՝ Փայտը, որ ձեռքս բռնած ինձ տանում է լրատվականի պավիլիոն, ասում՝ նայի, ես էդքան տեքստն անգիր չեմ անում, այ էստեղից կարդում եմ, «սուֆլյոր» են ասում։ Էդ ժամանակ բաց դարչնագույն մազեր ուներ, ավելի երկար սանրվածք, ուռուցիկ «չոլկա», ու Փայտին սիրում էի, որովհետև միշտ սիրուն զարդեր կար մատներին, ու ինձ հետ խաղալու ժամանակ էր գտնում ստուդիայի տարածքում։

Մի քանի անգամ հետը ուղիղ եթերի էլ եմ մտել՝ մի քանի ռեպորտաժի բացում կարդալու չափով, ու կադրից դուրս հետևել՝ ոնց է ուղիղ եթեր վարում․ բերանս ձեռքերով պինդ-պինդ փակել ու գրեթե չէի շնչում, որովհետև հավատում էի, որ անգամ շնչելու ձայնը գուցե ուղիղ եթեր մտնի։ Ծիծաղում էր` մեկումեջ շնչի:

«Մարգո՜, անեկդոտ եմ լսել, պիտի պատմեմ»,- հեռախոսից լսվում է Փայտի զրնգուն ձայնն ու արդեն պատրաստվում եմ․ հեսա մամային հերթական շեդևրալ անեկդոտն է պատմելու, հետո մաման, ծիծաղից խեղդվելով, փոխանցի ինձ ու պապային։ Լրատվական բաժիններում տարածվող ամենազիլ ու սուր անեկդոտների բոլոր ճանապարհները միշտ տանում են դեպի Փայտյան․ գաղափար չունենք՝ որտեղից է էդ ֆանտաստիկ հումորները գտնում, բայց մերոնք ասում էին՝ Գայ, քո հետ տխուր առիթի գնալ չի կարելի, կխայտառակվենք։

Ու հիմա անհավատալի է, որ էս ամենի մասին պետք է խոսել անցյալ ժամանակով․․․ Փայտը ուժի ու լույսի մարմնացում էր՝ եթե սարին այդքան շատ խնդիրներ ու դժվարություններ տային, սարը կճաքեր։ Փայտյանը դիմանում էր, տանում էր ու լուծում։ Չէր չարանում, հավատում էր ապագայի լավ օրվան, չէր ընկճվում առողջական խնդիրներից ու անգամ հիվանդանոցից հասցնում էր բոլորին ծիծաղեցնել ու ուրախացնել։ Անմնացորդ սիրում էր մորն ու քրոջը, հետո արդեն՝ հրաշալի ամուսնուն ու զույգ ձագուկներին, որոնք Փայտի կյանքի նոր իմաստն ու հենարանը դարձան, ու թվում էր՝ ամեն ինչ կհաղթահարվի, դեռ տասնյակ տարիներ միասին են լինելու։

Ու հիմա չկա մարդը, որը հինգ տարեկանում ձեռքս բռնեց ու ինձ լուրերի պավիլիոն տարավ։ Չկա մարդը, որի հաղորդավարների դպրոցում մեծ սիրով սովորեցի ավելի մեծ տարիքում։ Չկա ընկերը, որը մի կողմ էր դնում բոլոր խնդիրները, հուսադրում ու լավատեսություն սփռում։ Մարդը, որը ամենավատ օրն էլ իր սրամտությամբ լուսավոր կդարձներ։ Կինը, որը անչափելի սիրում էր իր ամուսնուն ու մաման, որն ապրում էր իր երեխաներով։ Գայ ջան, մեր սիրելի-սիրելի Փայտյան ջան, լույս դառնաս»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: