Պատմաբան Վահե Լոռենցը գրում է․ «Երեք օր է՝ Սյունիքում էի՝ Կապան, Մեղրի, Ագարակ։ Երեկ գիշեր ադրբեջանցիներն արդեն զավթել էին մայրուղին, հնարավոր չէր վերադառնալ Կապան-Գորիս ճանապարհով։ Առավոտյան փորձեցի։ Ոստիկանները փակել էին ճամփան ու թույլ չտվեցին առաջ շարժվել։

Զավեշտալին․ ճանապարհը փակել էր ճանապարհային ոստիկանությունը։ Երբ հարցրեցի պատճառը (չնայած, արդեն գիտեի ինչ է կատարվել, հարցս ավելի շատ մյուս՝ շրջանցիկ ճանապարհի մասին տեղեկություն իմանալու համար էր, ճանապարհային ոստիկանի պատասխանն ապշեցնող էր․- Սա պետական, ռազմական գաղտնիք է, չեմ կարող ասել, ինտերնետում ամեն բան գրած է, մտեք կարդացեք)։

Ինչևէ․ Երևան վերադարձա մյուս ճանապարհով․ Կապան-Տաթև 45 կիլոմետրանոց ճանապարհահատվածի կեսի մասին ճանապարհ կոչելն առնվազն մեղք է։ Ճիշտ է, սարքում են ճանապարհը, բայց ներկա պահին այնքան անմխիթար է, որ ամուր նյարդեր է պահանջվում վարորդից՝ 25 կմ քանդված հատվածն անցնելու համար։

Իսկ ամենավիրավորականն այն է, որ քո հայրենիքում, քո պետության մեջ այնքան անպաշտպան ես, որ ստիպված ես խուսանավելով երթևեկել։ Որ քո պետության մի հատվածը թշնամին առանց արգելանքի կարող է բռնազավթել ու․․․ Իսկ մայրաքաղաքում ու Կապանում․․․ կյանքն իր «բնականոն» հունով առաջ է ընթանում։ Ասես ոչինչ էլ չի եղել։ Ասես ամեն բան օրինաչափ է։

Ինչու՞ է այդպես։ Պատասխանն արդեն մեկ տարի է՝ գիտեմ՝․ Մենք այդպիսին ենք, մենք անարժան ենք մեր նախնյաց փառքին։ Հայի համար չկա՛ պետություն, հայի պետությունն իր դրամապանակն է, իր որովայնը։ Իսկ հայրենիքը՝ հարբած մի թամադայի կենացն է ու լոպազ երգերը, ուր որպես կանոն հայի ահից թուրք սուլթանն է անգամ տակը լցնում։ Խոսքս 21-րդ դարի հայ հանրությանն է վերաբերվում։ Այո՛, մենք անարժան ենք մեր նախնյաց փառքին