Հովհաննեսի եղբայրը՝ Արթուր Ղամբարյանը, գրում է․ «Էսօր Հովոյիս ծնունդն ա՝ կդառնար 21 տարեկան։ Հովոն պետք է երեք օր առաջ զորացրվեր, սակայն մնաց հավերժ զինվոր։ Հովոս իր առաջին ծնունդն ա նշում երկրային արքայությունում, իսկ մենք առանց իրա ֆիզիկական ներկայության։ Էս վերջերս ինձ ավելի հաճախ եմ հարց տալիս, թե իչի եղավ այն ինչ եղավ, ովքեր էին մեղավոր ու վերջապես ինչ ինքը տվեց մեզ իրա ինքնազոհողությամբ։

Մեղավոր է նախկին ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ և ներկայիս ԱՆԹԱՍԻԲ և ԹՈՒԼԱՄՈՐԹ կառավարությունները։ Մեղավոր է իմ ընտանիքը, որը դաստիարակել է հայրենասեր ու պատվախնդիր զավակ՝ ում համար ամոթ էր զինակից ընկերներին թողնել փախնելը, վիրավորներին չօգնելը , իսկ մահացածների մարմիններն էլ չփորձել պատվով տուն ուղարկել։ Ամենամեծ մեղավորը ես եմ, որ 35 օր լինելով իրա կողքին չկարողացա պաշտպանել, չկարողացա համոզել, որ էս իրա կռիվը չի, ինքը թողի գնա։

Այդ չարաբաստիկ օրը, երբ տրաքացրեցին Հադրութի հրամանատարի մեքենան, չմտածեցինք փախուստի մասին, թեպետ բավական ժամանակ ունեինք, այլ մտածեցինք վիրավորներին օգնել ու նրանց կյանքը փրկել, որի համար զղջում եմ։ Նրանց կյանքը փրկելու գինը շատ մեծ դարձավ իմ համար՝ Հովոս զոհվեց, որ նրանք ապրեն։ Նրանց պես շատ շատերդ եք ապրում Հովոյի ու իր նման տղերքի կյանքի գնի հաշվին, թեև մինչ օրս չեք գիտակցել այդ։ Ես ապրում եմ մի հասարակությունում, որտեղ կարծես հազարավոր զոհեր չեն եղել մի քանի ամիս առաջ։

Ժամանակին ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը ասել է՝ «Սուգը հավերժ է, եթե չկա պայքար»։ Ես համաձայն եմ վերոնշյալ տողի հետ, սակայն այժմ մեր հասարակությունում սգում են միայն որդեկորույս մայրերը, իսկ պայքար ընդհանրապես չկա։ Երեկոյան ժամերին քաղաքի սրճարաններում ու ռեստորաններում տեղ ու դադար չկա ազգը տժժում ա, քանի որ չի գիտակցում հայրենքի արժեքը ու արժանի ա անհայրենիք մեռնելուն։

Մենք չունենք ազգային գաղափարախոսություն, չունենք ձևավորված արժեքներ, չունենք մտավորականություն և որ ամենակարևորն է պատմությունից դասեր չենք քաղել, չենք գնահատել և հետևություններ արել մեր հաղթանակներից և չենք սթափվել ու համախմբվել մեր պարտություններից հետո։ Ես ապրում եմ մի հասարակության մեջ, որտեղ հերոս են համարում գերիներին և չեն դատապարտոմ ռազմական տրիբունալի առջև դասալիքներին։

Մենք նույնիսկ հստակ հերոսի ու մարտիկի պատկերացում ու սահմանում չունենք։ Վաղվա զինվորները այսօր տեսնում են, որ հերոսացնում են գերեվարվածներին և ռազմի դաշտից փախածներին։ Ու որ ամենազավեշտալին այն է արդարացնում են, ասում «հո չէին գնալու մսաղացի մեջ մեռնեին», իսկ իմ ախպերը ու իրա ընկերները ինչի՞ համար զոհվեցին։

Անասելի զզվանք ու նողկանք եմ զգում, որ ապրում եմ այս անթասիբ հասարակության մեջ։ Առաջին իսկ հնարավորության դեպքում հրաժարվելու եմ այս անթասիբ պետության քաղաքացիությունից, քանի որ այս պետությունը արժանի չի իմ պես գիտակից քաղաքացի ունենալ»։