Նորք Մարաշ բժշկական կենտրոնի էջը գրում է․ «Հովհաննեսն ընդունվեց ՆՄԲԿ մոտ 2 ամիս առաջ՝ 1 օրական հասակում, ծանր վիճակում: Երեխայի մոտ ախտորոշվեց սրտի հազվադեպ հանդիպող արատ՝ միափորոք սիրտ, հիպոպլաստիկ ձախ սրտի համախտանիշ:

Այն համարվում է ամենածանր արատներից մեկը, երբ սրտի ձախ բաժինները չեն զարգանում, օրգանիզմի մայր զարկերակը՝ աորտան, լինում է խիստ հիպոպլաստիկ, փոքր, և չի կարողանում օրգանիզմին ադեկվատ արյունամատակարարում ապահովել,արդյունքում տուժում են բոլոր օրգանները:

Փոքրիկը հոսպիտալիզացվեց վերակենդանացման բաժանմունքում՝ լինելու ռեանիմատոլոգների մշտական հսկողության ներքո: Սրտաբանների և վիրաբույժների համատեղ քննարկումների արդյունքում կայացվեց որոշում իրականացնել վիրահատություն, որի ռիսկերը թեկուզ և շատ բարձր էին, բայց երեխային կտար ապրելու հնարավորություն:

6 օրականում կատարվեց առաջին օգնական միջամտությունը՝ ինտերվենցիոն եղանակով միջնախասրտային միջնապատի պատռում (Rashkind procedure), իսկ արդեն 10 օրականում՝ վիրահատությունը: Ստեղծվեց նոր աորտա՝ օգտագործելով թոքային զարկերակը (Norwood procedure):

Վիրահատությունը հաջողվեց, բայց դա դեռ սկիզբն էր, դեռ շատ փորձություններ էին սպասվում: Երեխայի մոտ առաջացան շնչառական խնդիրներ: Չէր հաջեղվում անջատվել արհեստական շնչառության ապարատից: Այս պայքարում համառ էին բոլորը՝ բժիշկները (ռեանիմատոլոգներ, սրտաբաններ, վիրաբույժներ), ծնողները և Հովհաննեսը ինքը:

Որոշել էին, ապրելու է։ Բժիշկների սրտացավության և մասնագիտական բարձր որակների, ծնողների աջակցության ու հավատի, երեխայի համառ պայքարի արդյունքում այսօր Հովհաննեսը դուրս է գրվում» :