Մանկավարժ Ժաննա Հայրապետյանը գրել է․ «Գրականության դասին պիտի հեռավար միանայինք: Դավիթ Գիշյանս գրեց. -Ընկե՛ր Հայրապետյան, Հ. Սահյանի ժամանակը չի, եթե Դուք դպրոցում եք, գանք դպրոց, մեզ մի բան ասեք, որ չգժվենք:

Սիրտս անխնա խփում էր: Դպրոցում նստած` ոռնում էի, ախր ես ուխտ ու երազանք ունեի՝ երկու տարի պիտի ապրեմ Արցախում՝ Շուշիում, ու ուսուցչություն անեմ այնտեղ: Ասացի՝ եկե՛ք, Դավիթ ջան, ու հարյուր անգամ փորձեցի խոսքս հնարավորինս ձևակերպել, որ տղաներս հասնեն դպրոց, ու ես մի հուսադրող բան կարողանամ ասել իրենց: Որ չտեսնեն՝ ինչքան քրքրված եմ, պարտված ու անբառ:

Եկան: Ծատուրյան Արմանս ավելի շուտ էր եկել ու արդեն էպոսի էջերն էր քրքրում, ասում էր` սպասե’ք, բոլոր պատասխանները էս գրքում են: Հիմա մենք էստեղ ենք, Սասունցի Դավթի հետ փոսում ենք: Բայց դուրս ենք գալու: Մեզ Ձենով Օհանի ձայնն է փրկելու, որ կանչում էր՝ Դավի՜թ…

Սիրտ սրտի էինք տվել, թեպետ դեմ դիմաց էինք նստած, բայց էդ դժվար, ահավոր պահին բոլորիս սրտերը գրկել էին իրար: Նոյեմբերի ցուրտ ու ահարկու այդ օրը տղաներս ջերմացրին ահագին: Տաք զրույց ունեցանք ու տաք-տաք թեյ խմեցինք: Գոնե մի քիչ սահուն սկսեցի խոսել, էլ չէի կակազում, կցկտուր բաներ ասում, ուժ տվեցին ինձ:

Իմ Դյուցազուն Գիշյան Դավիթը, որ ընկերոջը փնտրելու է գնացել` գիտակցելով, թե ուր է գնում։ Իմ ամենագետ հրետանավոր Արման Ծատուրյանը, որ ութ զարկ է խփել վիրավոր վիճակում ու ռեկորդ սահմանել սև սեպտեմբերյան վերջին մարտերում։ Իմ Շուշին, մեր լույս-լույս տղաները։ Հիմա որտե՞ղ ենք մենք, ու ինչի՞ համար»: