Ռաֆֆի Ասլանյանը գրում է․ «Վերջին ժամանակներում հաճախ ենք ականատես լինում, երբ հատկապես նորանշանակ առանձին դատավորներ ի վիճակի չեն օբյեկտիվ իրականությունն ու արդարադատության շահը տարանջատել։ Սա արդյունք է դատական համակարգում իրականացվող՝ քաղաքական նպատակահարմարությամբ, հապճեպ և ապօրինի կադրային քաղաքականության։

Շատ են սիրում «նախկինների» մասին խոսել, ուստի հիշեցնեմ դեռևս 2009 թվականին ՀՀ լավագույն դատավորներից մեկի՝ այդ պահին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի կողմից կայացված մի դատական ակտ։

Մասնավորապես, նա ՀՀ դատական պրակտիկայում կարծեմ առաջին անգամ արդարացրել էր թմրամիջոց պահելու մեջ մեղադրվող հանցակիցներին՝ ապացույցների ձեռք բերման՝ բնակարանից խուզարկության փոխարեն զննությամբ առանձնապես խոշոր չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոցի հայտնաբերման, անթույլատրելիության ուժով։

Նույն դատական ակտով, դատական նիստերի դահլիճում անհապաղ կալանքից ազատ էին արձակվել իրենց մեղքն ընդունող, բայց արդարացված, անմեղ հռչակված ամբաստանյալները։ Գործով մեղադրողը պատմում էր՝ երբ զարմացած ամբաստանյալներն իր դիմացով հեռանալիս են եղել, մեկը մյուսին տարակուսանքով հարցրել է. «ապեր, չհասկացա, էս պլանը մերը չէ՞ր..»։ Հ.Գ. Այսպիսին է լինում իրական արդարադատությունը, ընկերներ ջան»։