Նարինե Վարդանյանը, նկարագրելով Ստեփանակերտի առօրյայից մի գեղեցիկ դրվագ, գրում է․ «Երեխեքն իրար հրմշտելով, ծիծաղելով թուզ են «գողանում» ինչ-որ մեկի ծառից։ Թզենու հարևան բակից դեռ կանաչ լոլիկի հոտ է գալիս։

Փողոցի անկյունում երաժշտական դպրոցն է, ինչ-որ մեկը փորձում է Սայաթ-Նովա երգել։ Դպրոցի հենց վերևում կեռ-լուսինն է կախված։ Ճերմակ մորուքով ծանոթ պապիկը ինքնաշեն սայլակով աղբ է տանում։

Մեր հարևան տան բակից նոր կտրտած փայտի թաց բույր է տարածվում։ Հարազատ հոտից ժպտում եմ։ Հետո հիշում եմ, որ ամբողջ ձմեռ հարեւանի վառարանի ծխի հետ կռիվ եմ անելու մտքիս մեջ. լվացքիցս ծխահոտ է գալու։

Հետո ժպտում եմ էդ սիրուն մտքի վրա։ Ձմեռը գալու է։ Թող ծխահարվի լվացքս, ոչինչ։ Բայց թող ձմեռը գա Ստեփակերտում։ Թող կիսածանոթ հարևանս վառի վառարանը։ Թող ծուխ լինի։ Թող ծուխը լինի»,- իր գրառումը եզրափակում է Նարինե Վարդանյանը։