Հովհաննես Պապիկյանը գրում է․ «Ֆրունզիկ Մկրտչյանի կյանքի նախավերջին օրը դեկտեմբերի 28-ն էր: Այդ օրը երեկոյան ուշ ժամի Երեւանի Պռոշյան փողոցում Ֆրունզիկին հանդիպում է իր համաքաղաքացի եւ իր ընկեր, սրտաբան, ակադեմիկոս Կարլեն Ադամյանը:

Ֆրունզը նոր էր վերադարձել Փարիզից, ուր բժիշկներին ստուգման էր տարել Վահագն տղային: Ահավոր ընկճված էր վերադարձել, որովհետեւ բժիշկները ոչ մի հուսադրող բան չէին ասել:
-Ո՞նց ես, Ֆրունզ ջան, այս ուշ ժամին ինչո՞ւ ես դրսում:
-Լավ չեմ, Կարլեն ջան,- ասել է Ֆրունզը,- կուզեմ Գյումրի երթալ` էնտեղ ինձ լավ են պահում:

-Կուզե՞ս հիմա քեզ տանիմ Գյումրի,- հարցնում է Կարլենը:
Մի պահ դադար ե՛ւ ուզում է գնալ, ե՛ւ կաշկանդված է տանն իրեն սպասող Վահագնով:
-Կարլեն ջան, երևի էսօր հարմար չի, հետո կերթամ:

Շնորհակալ եղավ Ադամյանին ու գնաց տուն: Այդ հանդիպման մասին ինձ պատմել է Ադամյանը, պատմել է հուզմունքով, ցավով, իրեն մեղադրելով, որ այդ օրն իր ընկերոջը չի տարել Գյումրի: Ադամյանի այդ ցավն ու հուզմունքը ոչ միայն այդ պահի Ֆրունզիկի անհույս, տրտում վիճակից է եղել, այլև ու ավելի շատ նրանից, որ ինքն իրեն մեղադրում է, թե ինչու չի պնդել` Վահագնին էլ վերցնել և երկուսին էլ Գյումրի տանել: