Երգչուհիներից Լ․ Կարապետյանը պատմում է․ «Տարիներ առաջ էր։ Մեկնել էի Մոսկվա՝ մասնակցելու հարազատներիս հարսանեկան արարողությանը։ Ուրախ հարսանիք էր։ Մարդիկ խմում էին նորապսակների, նրանց ծնողների, հարազատների, հարևանների ու ընկերների համար։ Հանկարծ ոգևորության մի ալիք բարձրացավ։ Թամադայի հերթական խոսքը Հայաստանի, հայ ականավոր գիտնականների, բժիշկների, պատերազմի հերոսների մասին էր։

Թամադան խոսեց նաև Արցախյան առաջին պատերազմի, հերոս տղաների, բժիշկների սխրագործություններից։ Եվ հետո՝ Ասում են, որ պատերազմում Արտո անունով մի վիրաբույժ հազարավոր կյանքեր է փրկել։ Լսու՞մ եք, իմ թանկագին բժիշկ, իմ անչափ սիրելի Արտավազդ Բագրատիչ։ Խոսքը Ձեր մասին էր, իմ լավ բարեկամի, իմ հարազատ խորհրդատուի։

Զարմանքից ու հպարտությունից քարացել էի, ուզում էի հայտնել բոլորին, որ ես այն բախտավորներից մեկն եմ, որ լավ է ճանաչում այդ աստվածատուր մարդուն։ Իմ սիրելի բժիշկ,երբ հայտնել են, որ ծայրահեղ անհուսալի պահերին, երբ հարազատներն արդեն հուսահատվել են, Դուք կյանք եք պարգևել հիվանդին,ցանկացել եմ համբուրել Ձեր ձեռքերը,որ ոսկերչական հմտությամբ ժամեր շարունակ նրբորեն աշխատում են ու արարում։

Ձեր գործն արդար է ու ազնիվ։ Իզուր չէ, որ «Արտավազդ» անունը ստուգաբանությամբ նշանակում է «արդարություն»։ Կյանքը ցույց է տալիս, որ միշտ հաղթում է արդարությունը։ Դուք միշտ սիրել ու գնահատել եք մարդուն, անմնացորդ նվիրվել նրան, ամենաօրհասական պահերին ահռելի ջանքեր եք գործադրել։

Ես խոնարհվում եմ Ձեր մարդ տեսակի, Ձեր տաղանդի առաջ։ Թող ամեն մի իրավիճակ միայն հաղթանակ բերի Ձեզ, քանզի Ձեր հաղթանակը մեր բոլորինն է»։