Անիտա Հախվերդյանը գրում է․ «Սեպտեմբերի վերջին Ստեփանակերտի համարյա բոլոր պատշգամբներում ու պատուհանագոգերին չրեր են հայտնվում՝ հոնի ու սալորի: Քաղաքի սեպտմբերյան դիմագիծ է: Հոնը պարտադիր կորիզահանում են, սալորը կիսում կամ անկանոն կտրատում:

Երբեք ցուկատ չեն սարքում, օշարակով եփված չրերին արհամարհական ասելով՝ կռասկա տված չիր: Երկու տարի առաջ պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերին արցախցի պուպուշ Զոյան «մամուս սարքած» սալորաչիր բերեց մեր տուն:

Չրերը մնացել էին պատշգամբում, մաման ապաստարանից օրը մեջ դուրս էր գալիս, որ չրերը շրջեր: Չիրը քաղցր հուշ է՝ հողի բարիքների կյանքը երկարաձգելու, հողի լավությունը կրկին վերապրելու, հողից կառչելու ապացույց:

Ասածս ի՞նչ է. Երևանում տագնապահար թելեգրամի էջերը թերթելու, քաղաքական հազարումի գռդոնչու ասածները ֆիլտրելու փոխարեն ու ներքին խարաբ կամերտոնը լարելու համար եկա Արցախ: Վախը չեզոքացնելու համար պիտի վտանգի կիզակետում հայտնվես, որ դզվես: Եթե ստեղ հասնել չեք կարող, չիր սարքեք, օգնում է»: