Վահե Աղաջանյանը գրում է․ «Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը 24news-ին տված հարցազրույցում հաստատել է, որ աշխարհաքաղաքական որոշ խաղացողներ նպատակ ունեն Ռուսաստանին հեռացնել Հարավային Կովկասից, սակայն Կոպիրկինը նաև նշել է, որ ի տարբերություն այդ երկրների` Ռուսաստանը դարերով է գտնվում այս տարածաշրջանում և հեռանալու մասին խոսք լինել չի կարող։

Պարոն Կոպիրկինը, խոսելով խաղաղապահների գործունեության հետ կապված հետաքննություն անցկացնելու ՀՀ իշխանությունների պահանջի մասին, ընդգծեց, որ հայ ժողովրդի կարծիքը ռուսական խաղաղապահ զորակազմի և ընդհանրապես Ռուսաստանի մասին շատ դրական է և տարբերվում է պաշտոնապես հնչող հայտարարություններից։

Այսինքն Ռուսաստանի կողմից պաշտոնական մակարդակում առաջին անգամ ակնարկում են ՀՀ իշխանությունների հնարավոր հակառուսական կեցվածքի մասին` հատուկ նշելով, որ դա հայ ժողովրդի դիրքորոշումը չէ։

ՌԴ դեսպանի հարցազրույցն ու դրանում արտահայտած որոշ մտքերն ամենևին պատահական չեն, և եթե հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ մեկնելու է Մոսկվա, ապա ակնհայտ է, որ նրան շատ ծանր խոսակցություն է սպասվում Վլադիմիր Պուտինի հետ։ Հայաստանում լրջագույն ներքաղաքական իրադարձություններ են սպասվում»։