Պատմաբան Վահե Լորենցը գրում է․ «Մենք լավն ենք, թուրքը վատն է, մենք խելոք ենք, ադրբեջանցին կոշիկի լաթ է, մենք մաքրակենցաղ ենք, պարսիկը խոզ է, մենք հավատարիմ ենք, վրացին՝ դավաճան է։ Նման անհեթեթությունները մեզ շարունակ ուղեկցում են։ Դա սեփական Եսի գերագնահատականի, տգիտության և անբարո սնափառության արգասիքն են։

Իրենց ազգայնական համարողներից շատերն էլ թե բա՝ Հայը նման բան չի անի, խառնածիններն են, ջհուդներն են, այլմոլորակայիններն են, կիրգիզներն են մեղավոր։ Մի խոսքով՝ բոլորը վատն են, մենք լավն ենք, բոլորը մեղավոր են, մենք՝ անմեղ։

Նույնը պատմագիտության մասին կասեմ։ Ոչ մի դասագրքում տող անգամ չեք գտնի մեր կատարած սխալների մասին։ Մենք ճիշտ ենք, ամենաճիշտն ու ամենապուպուշն ենք։ Հարևաններն ու թշնամիներն են մեղավոր։ Մենք ուղղակի՝ բախտ չունենք։

Դե պատմաբանների անբարոյականության մասին շատ եմ խոսել (խոսքս հասցեատերեր ունի, թող չնեղվեն անաչառ ու շիտակ ընկերներս), պատմաբաններն են առաջին մեղավորը հայի այսօրվա տգիտության ու սնափառության։ Բայց միջին վիճակագրական հայի մասի՞ն ինչ ասես, որ այսօր անգամ, այս օրհասական պահին չի ուզում իր կուրությունը բուժի, չի ուզում արթնանա նիրհից։

Այսօր էլ ողջ աշխարհը մեղավոր է՝ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, արևմուտքը, բոլորը մեղավոր են, բացի հայից։ Մինչդեռ ամենամեծ մեղավորը մե՛նք ենք, ոչ թե Ադրբեջանը, Թուրքիան, կամ մյուսները։ Ամենամեծ մեղքը մե՛րն է։ Եվ իմացեք, որ այդպես է եղել և՛ հարյուր տարի առաջ, և՛ եղեռնի օրերին, և՛ հազար տարի առաջ։

Եվ հայի ամեն սերունդ ջայլամի նման գլուխը մտցրել է ավազի մեջ, թշնամուն հայրենիք նվիրել ու իր զավակի հոգին սնուցել կեղծիքով, սնապարծությամբ ու զատոներով։ Հա, տեսնես քանի՞ հոգի է հիմա գլխիս քարոզ կարդալու, թե պետք չէ, առանց այն էլ պառակտված ենք, հուսահատ ենք, եսիմ ինչ զիբիլի մեջ ենք։

Նախապես ասեմ․ զիբիլի մեջ ենք առաջնահերթ ձե՛ր տեսակի պատճառով, որ մատ մատի տված չկաք, բայց կոշկակար լինելով՝ բժշկությունից ու տիեզերագիտությունից եք խոսում և աշխարհը չափում ձեր մետրով։ Դուք նույն դասագիրք գրող ու հասարակությանն էշացնող վայ գիտնականն եք, որ ոչ միայն չի ուզում սեփական սխալներն ընդունի, վերլուծի և շտկի, այլև՝ այդ հնարավորությունից զրկում է սերունդներին։

Ոչինչ չի փոխվել, ու դժվար էլ փոխվի։ Ի վերջո՝ կույրը նա չէ, որ չի տեսնում, այլ նա, որը չի ցանկանում տեսնել։ Հիմարը նա չէ, որ չգիտի, այլ նա, որը չի ցանկանում սովորել։ Մնացեք ձեր սին ու անբարո գոռոզության, սնափառության մեջ, ձեր զատոները երգեք ու զատո ասելով հայրենիքը մաս մաս տվեք թուրքին, օրեցօր սպանեք հերթական պետությունը։ Ձեզ սա անգամ շատ է»։