«Մենք փոքր էինք, լավ չէինք պատկերացնում, թե կոնկրետ․․․» հուզիչ և միևնույն ժամանակ հետաքրքիր մանրամասներ

Հենրիկ Պիպոյանը գրել է․ «Չարենցի դպրոցից մինչև հրապարակ մի 200 մետր էր։ Առաջին-երկրորդ դասարանցու համար մի քիչ ավելի շատ էր՝ երևի մի 400 մետր, բայց մենք մեծերից շուտ էինք հասնում։ Դա՝ սովորական օրերին, իսկ մայիսի մեկին արագ գնալ չէր լինում, պիտի մյուսների հետ քայլեինք։ Հավաքվում էինք դպրոցի բակում՝ մեր սիրուն համազգեստներով, ծաղիկներով, փուչիկներով, հետո՝ ծնnղների ու ուսnւցիչների հետ դուրս էինք գալիս Ամիրյան ու միանում դեպի հրապարակ քայլող ժողովրդին։ Մարդիկ փողոցի մեջտեղն ընկած գնում էին՝ էդ օրը փողոցը մերն էր, մեքենաները պատժված էին։

Մայիսի մեկի անունը տոն էր, երբեմն պարզապես տոնի իմաստով էր օգտագործվում, ասենք՝ մեկը սովորական օրով սիրուն զուգվում-զարդարվում էր, ասում էինք՝ հո մայիսի մեկ չի։ Մենք փոքր էինք, լավ չէինք պատկերացնում, թե կոնկրետ ինչ ենք տոնում, ու կարևոր էլ չէր։ Առաջին դասարանցուն առիթ պետք չի տոնի համար, մի փուչիկը լրիվ հերիք ա, որ տոնը սկսվի։

Իսկ տոն նշանակում էր, որ բոլոր լուրջ, գործնական մարդիկ, որ մյուս օրերին խիստ են, քչախոս, անժպիտ, հանկարծ մի քիչ երեխա են դառնում, մի քիչ ոչ մի բան չեն անում, ծիծաղում են, կատակում։ Տոն նշանակում էր, որ քաղաքում գույները շատանում են, մեքենաների ձայներն ինչ-որ տեղ են կորում, ու բարձրախոսներից քայլերգեր են լսվում, աջից ու ձախից ճռիկների ձեն ա լսվում, փողոցներն առօրյա հոգսերից ազատված մարդկանցով են լցվում, մարդիկ իրար են խառնվում, ու փողոցում՝ սովորական մարդկանց մեջ, կտեսնես դերասանի, գիտնականի, գրողի։ Տոն նշանակում էր, որ փողոցում մեկ էլ տեսնում էիր գայլի կամ արջի շորերով մարդկանց, մեքենաների գլխին ակրոբատիկ շարժումներ անող մարզիկների, դրոշներ, նկարներ, փուչիկներ, ու ոչ մի բան չէր զարմացնում։ Տոնը հեքիաթի նման բան էր, ամեն ինչ hնարավոր էր։

Մենք քայլnւմ էինք մինչև հրապարակ, անցնում էինք Լենինի արձանի մոտով, որի տակ կանգնած մեզ ժպտում ու ձեռքով ողջունում էին իրանց հեռավոր ու անհասանելի գրասենյակներից դուրս եկած ու նորմալ մարդկային տեսք ստացած մարդիկ։ Մենք էլ մեր ձեռի եղած-չեղածը՝ դրոշակ, նկար, փուչիկ, թափահարելով ողջունում էինք նրանց ու շարժվում դեպի հրապարակի ելքը։ Բայց տոնը չէր ավարտվում, դեռ թափառում էինք փողոցներում, հետաքրքիր բաներ տեսնում, սարի ծամոն ծամում, պաղպաղակ ու բամբակ ուտում, ծանոթների հանդիպում։

Հետո՝ տուն գնալիս, երբ մի քիչ հեռանում էինք քաղաքի կենտրոնից, մեկ էլ տեսնում էինք, որ ավտոբուսներն ու տրոլեյբուսները սովորական օրերի նման տխուր-տխուր աշխատում են, մթերային խանութները բաց են, ու մի քիչ խղճում էինք վարորդներին ու խանութների աշխատողներին, որ տոն չեն անում, ասես չեն էլ նկատում ուրախ, կատակող, զուգված-զարդարված մարդկանց, որ նստում-իջնում են ավտոբուս, խանութ են մտնում-դուրս գալիս։ Ես չեմ հիշում, որ էն ժամանակ մայիսի մեկին անձրև գար։ Եթե եկել էլ ա, ուրեմն՝ մայիսմեկյան անձրև ա եղել, որի տակ ուզում ես պարես, ուրեմն՝ արևը մեր խելքին ա ընկել ու ուզեցել ա մեր հետ մի քիչ դասամիջոց անի, որ հետո նոր ուժով փայլի։ Էդ օրն արևն էլ էր մերը՝ մերոնքական էր, երբեք չէր փչացնի մեր տոնը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: