Լիլիթ Բորիսովնան գրում է․ «2 օր առաջ «Հայորդի» Ճամբարում էի, մինչև այսօր ուշքի չեմ գալիս։ Մարդը հարմարվում է կորստի հետ, սա մեր տեսակն է։ Ճամբարի 100 երեխաները, որ հայր են կորցրել, մեծ մասի մոտ վերքը չի փակվում, երեխաները չեն հարմարվում, դուք մի նայեք, որ նրանք ուրախ խաղում են։

Անընդհատ աղ է լցվում վերքի վրա՝ մեկը հայրենի գյուղն է կորցնում, մեկը ցավին չդիմացող տատիկ, պապիկ, մյուսի մայրը տան տեղն է փոխում, որովհետև հիշողություններին չի դիմանում, մեկը չի համակերպվում անարդարության հետ, մեկն էլ չարանում։ Անդրեյի Արցախի մասին երգը լսում են երեխաները ու լացում, ուզում էի գրկել հանգստացնել, բայց քանի՞ մեկին։

Աղավնոյի երեխաներից մեկը լացում էր, ասում է ո՞նց եմ ապրելու առանց իմ Աղավնոյի, կողքից էլ փոքրիկ Արտյոմը ժպտալով ասում է՝ էէէ էլի լացում է Աղավնոյի համար։ Իսկ «Նարե» երգը, որ անչափ սիրում էի հիմա երգող աղջկա դողացող ձայնով կհիշեմ, էն աղջկա, ով ամեն ձև պահում էր արտասուքները, որ չպայթի։ Երեխաները գիտակցում էին, որ 18-ին, երբ դուրս են եկել Աղավնոյից վերջին անգամն էր, որ տեսնում են իրենց դրախտավայրը, բայց դեռ չէին մարսում, թե հույսն էր, թե չէին հավատում։

Սարսափելի ցավ եմ զգում այս անարդարությունից։ Վերջում էլ ծրագիր էին ներկայացնում՝ ասում են՝ եթե հաղթենք, հնարավորություն է, որ մեր կապը չխզվի, հաղթել են։ Երազանքներ ունեն երեխաները՝ Արցախում ապրեն, խաղաղություն են ուզում ու թաքուն են պահում, չնայած ամենից պարզն այդ թաքուն երազանքն էր։ Այս ցավը չհարմարվելու ցավ է։ Ի՞նչ է կոչվում հոգեբանական այն խանգարումը, որ իրականությունը հրաժարվում ես ընդունես։

հ․գ․ Ճամբարի մասին ուզում էի գրել Վաչեյի հետ նկարը տեղադրելով, բայց ուզում եմ այս տեսահոլովակը դիտեք, որ գոնե մի փոքր հասկանաք ցավը, երեխաների ապրած ցավը»։