Վահրամ Թոքմաջյանը գրում է․ «Վերջին շրջանում պարբերական են դարձել ահազանգերը դպրոցներում դրամահավաքների մասին։ Հատկապես վերջին զանգ կոչվող երեւույթը վաղուց դարձել է հասարակական անառողջ հարաբերությունների եւ սոցիալական բեւեռացման հայելին։ Սա առանձնահատուկ բեռ է դառնում առանց այն էլ ծայրահեղ սոցիալական վիճակում գտնվող ընտանիքների համար։ Իսկ բացարձակ չքավոր ընտանիքների երեխաների պարագայում, այդ սոցիալական անհավասարության «արյnւնոտ կառնավալը» կարող է դառնալ ու շատ հաճախ դառնում է անդառնալի հոգեբանական խնդիրների համալիր։

Փողառատությամբ չեն զիջում մյուս դասարանների դրամահավաքները։ Համակարգը ենթարկել է էվոլյուցիայի, եւ եթե նախկինում այս ամենի մենեջմենթն իրականացնում էին դասղեկները` տնօրենների ուղիղ համակարգմամբ, ապա այժմ այդ գործառույթն իրականացնում են ծնող խորհուրդ կոչվածները, բնականաբար, տնօրենների «անմեղ» չիմացության եւ «ազնիվ» դիմադրության պայմաններում։ Արդյունքում, մի քանի «մտահոգ» ու «հետեւողական» ծնողներ, սկսում են բազմաշերտ կոռուպցիայի գործընթաց։

Առաջին դասարանցու թանգարանային ճամփորդությունը կարող է արժենալ 20-30 հազար դրամ, հանդեսի դեկորների փողը` 10000, դասղեկին կամ ուսուցչին շնորհակալություն հայտնելը` երեքից տասը գրամանոց իտալական ոսկուց մատանի, շղթա կամ վզնոց ու այսպես շարունակ։ Երևանի դպրոցներից մեկի երրորդ դասարանցիների ծնողներից 180.000 դրամ էին հավաքում, դասվարին նոր` փափուկ աթոռ առնելու համար։

Էս սովետական մտածողության փչացածության ձեւերը գրեթե անհնար է արմատախիլ անել։ Ու կատաստրոֆան այն է, որ այս գործարքների մեջ մտած են շահառու հիմնական կողմերը` ծնող-տնօրեն-ուսուցիչ»։