Հայկ Սահակյանի քեռին՝ Արմենը, գրում է․ «Ռիժ, երկու տարի առաջ այս օրն ինձ համար դարձավ ամենամռայլը, ամենածանրը, ամենացավալին: Զոհվեցիր։ Զոհվեցիր հանուն ինձ, հանուն էս մի բուռ հողի ու կես բուռ մարդկանց: Իսկ ես անսահման գնահատում եմ քո զոհողությունն ու սխրանքը: Այն դաջել եմ մտքումս, սրտումս, հոգումս, մարմնիս:

Ռիժոս, քեզ ծափերով ճանապարհեցի դեպի հավերժություն, սակայն զոհվելուցդ ի վեր ինձ համար էս աշխարհում մի բան հավերժ մահացավ: Գիտակցեցի իմ չնչին ու անզոր լինելը: Քեզ հետ բերել որևէ կերպ չեմ կարող:

Շատ եմ ուզում։ Բայց ինչիդ է այս դավադրանքներով, նենգությամբ, ոխով ու ատելությամբ լի աշխարհը: Էգոներ են ամեն տեղ: Իսկ դու նախանձելի տեղում ես: Բարեխոսիր, որ մոտդ գամ։ Հայկ, քեռին քեզ ամեն օր է կարոտում:

Փորձում եմ քեզ արժանի լինել: Փորձում եմ լինել էս արևի տակ ու նեղություն չտալ ոչ մեկի: Բալես, միշտ ասում էիր՝ մի դատեք, մի քննադատեք: Փոքր տղա էիր, բայց որտեղի՞ց այդքան գեղեցիկ մտքեր, աշխարհայացք: Էս երկու տարին ակնթարթի պես անցավ: Երեկ էր։ Բալ, 2020 տոմս գնելուց այնպես էի արել, որ քեզ բանակից դիմավորեմ, պինդ գրկեմ ու կարոտս առնեմ, գնալուցդ ներկա չէի։

Հայկս, քեռիդ միշտ սպասելու է, որովհետև մարդկային հույսն ամենակարծրն է ու կենդանի է մինչև վերջին շունչը։ Ռիժս, Հայկս, Արևս, Տղաս, Բալես, Հերոսս, Զարմիկս: Գրկում եմ ու կարոտում եմ, ցավդ տանեմ: էս օրը ծանր ա օտար ափերում»։