«Երբ տունտունիկ խաղի իմաստը շքեղ ու թանկարժեք խաղալիքները չէին, այլ այստեղից այնտեղից գտած աֆթաբ յուղի տարաները․․․»

Հոգեբան Անի Խուդոյանը գրում է․ «Տարիներ առաջ մանկությունը լրիվ ուրիշ բան էր։ Ծնողիցդ գաղտնի մազերդ կտրում էիր, հետո քեզ թվում էր, թե հավասար չես կտրել, փորձում էիր ուղղել՝ էլի էիր կտրում, հետո էլի, հետո էլի վերջում պարզվում էր, որ մազերդ անվերադարձ կարճացել են։ Դու առանձնապես տխուր չէիր , հպարտ էիր քո ձեռք բերած նոր փորձով, մայրիկդ էլ ջղայնաժպիտախառը մի դեմքով նայում էր վրադ, հետո ամեն ինչ անցնում, գնում էր։

Հիմա մանկությունն ուրիշ է, հեռախոսով վարսավիր խաղ կա, բեռնում ես, խաղում, և՛ կտրում ես, և՛ ֆենում, ափսոս զգացողությունները նույնը չեն։ Կար մանկություն, երբ դու քեզ թագուհի էիր համարում, տնից հարմար մի զուգագուլպա էիր գտնում, հագցնում գլխիդ, որ երկար մազեր ունենաս, հետո աթոռները դնում էիր իրար վրա, դու էլ նստում ամենավերևում որպես թագուհի։ Մայրիկիդ հագուստներն ու կոշիկները գաղտնի փորձում էիր, հնարավորության դեպքում նաև շպարվում դու երևակայում էիր, ստեղծագործում էիր։

Հիմա մանկությունն ուրիշ է, հեռախոսով խնամիր տիկնիկին, թագուհուն խաղ կա, բեռնում ես, գեղեցիկ շորեր հագցնում, շպարում, ափսոս զգացողությունները նույնը չեն։ Ու կար մանկություն, երբ քո սարքած ցեխով տորթը, քարով կոնֆետն ու տերևով ավազով տոլման բոլորին հյուրասիրում էիր։ Երբ տունտունիկ խաղի իմաստը շքեղ ու թանկարժեք խաղալիքները չէին, այլ այստեղից այնտեղից գտած աֆթաբ յուղի տարաները։

Հիմա մանկությունն ուրիշ է, բեռնում ես ճաշեր եփելու խաղը ու եփում ինչքան ուզում ես։ Այս ամենը կարելի էր համար ժամանակի պահանջ, զարգացում և այլն, եթե սրա արդյունքում չգրանցվեր ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացվածության մակարդակի իջեցում, երբ երեխային խնդրում ես մի հարցի պատասխանի, որտեղ իրենցի ստեղծագործական մտածողություն է պահանջվում, ասում է ՝ մի րոպե գուգլով նայեմ։

Ու վերջապես կար մանկություն, երբ քո ծնողի գերխնդիրը հնարավոր պատերազմի դեպքում երեխայի համար ապահով թաքստոցի հարցը լուծելը, սեփական երեխային պատերազմին նախապատրաստելը, անդադար միայն լուրեր լսելն ու աշխարհաքաղաքական վիճակը քննարկելը չէր, երբ քո ծնողի արցունքների պատճառը հերոս որդուն կորցրած մորն ապրումակցելն ու անզորության խեղդող զգացողությունը չէր։ Ո՞վ կմտածեր, որ դա էր իրական մանկությունը, որն այդքան ուզում էինք , որ շուտ ավարտվի, որ մեծանանք»։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: