Նախկին լրագրող, պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է․ «Եռաբլուրում ամեն անգամ բախվում ես նոր ճակատագրի, սառը բետոնից որդու կարոտը քերող մի մոր աչքերի։

Մի կողմում տղերքի մեկ տարին էր, մյուսում՝ մեկ տարի անց նոր միայն թաղումը, մեկ ուրիշ անկյունում՝ նոր փորված փոսեր, որ սպասում են իրենց բաժին տղերքին։

Դավիթի մայրը երեկ է հանձնել որդու մասունքները հողին, մեկ տարի առաջ վերջին անգամ հոկտեմբերի 16-ին է խոսել որդու հետ, մեկ տարի անց՝ նույն օրը հողին հանձնել։

Վիրավոր Դավիթը հրաժարվել է թողնել ավելի ծանր վիրավոր ընկերոջը, Դավիթն ընտրել է կյանքի ու մահվան մեջ, Դավիթն ընտրության հնարավորություն է ունեցել, ընտրել է ապրելու իր՝ 0,5 տոկոս ողջ մնալու հավանականությունը ընկերոջ կողքին, ընտրել է ու գուցե մտածել, որ միայնակ մայրն իր ընտրությունն անպայման կհասկանա ու հասկանում է։

Ոչ մի բառով հնարավոր չէ սփոփել զավակ կորցրած մորը, ինչպես ասում է մեր Ալիսը՝ որդիների հերոսությունների համար վճարում են մայրերը»։