ՎՊՀ հայտնի ու վաստակաշատ դասախոսներից Վանո Եղիազարյանը տեղեկացնում է, որ իրեն աշխատանքից հեռացնելու մասին ծանուցում են ուղարել նամակով։ Նա գրում է հետևյալը․

«Անկախ նրանից թե դատարանն ինչ որոշում կկայացնի, միևնույնն է, ինձ համար իբրև հայագետ-պրոֆեսորի վիրավորականն այն է, որ գիտությանն անհայտ մեկը որոշել է, որ ես անվստահելի աշխատող եմ և 50֊ամյակիս նախօրեին ինձ ազատել աշխատանքից:

Մինչդեռ ինձ տրված ամենաբարձր գնահատականն իմ ուսանողների արձագանքն էր այս երևույթին, մասնավորապես վկայակոչեմ իմ նախկին ուսանողուհի Թագուհի Ամիրխանյանի հետևյալ գրառումը ֆեսբուքյան իմ էջում.

«Վարձքդ ի կատար, շնորհաշատ դասախոսս. Երանի Ձեր՝ բոլոր ժամանակների ուսանողներին, և ոչ երանի նրանց, որոնց չդասավանդեցիք»»։

Նշենք, որ դասախոսի ուսանողուհիներից Թագուհի Ամիրխանյանը, տեղադրելով Վ․ Եղիազարյանի վերջին գիտական ուսումնասիրության հիման վրա հրատարակված աշխատությունը, նրան գնահատանքի ու երախտիքի խոսքեր էր ուղղել։

Այլ ուսանողներ ևս իրենց աջակցությունն են հայտնել դասախոսին՝ վստահեցնելով, որ ամեն ինչ լավ է լինելու։