Անմահացած Գագիկ Խաչատրյանի քույրը գրում է․ «Այսօր դուրս եկա համալսարանից ու քայլեցի դեպի հրապարակ: 2019թ.-ի Ամանորին գլխավոր տոնածառի լույսերը վառեցիր, իսկ ես, հեռախոսս տոնածառի կողմը պահած, անհամբեր սպասում էի, որ լույսերը վառես, նկարեմ, հրապարակեմ facebook-ում ու գրեմ՝ «Գագս վառեց լույսերը»: Հետո, երբ եկար, քայլեցինք Հյուսիսային պողոտայով դեպի Կոնսերվատորիա:

Կոնսերվատորիայի կողքով էլ այսօր անցա: Ուշադիր նայեցի դռներին՝ մտածելով, որ հիմա դուրս կգաս , բայց։ Նայեցի այն պատուհանին , որտեղից երևում էր Ուխ-ի նախագահի՝ Քո, սենյակը, որտեղ մի օր՝ կեսգիշերին, նստած սպասում էի, թե երբ պետք է աշխատանքդ ավարտես, որ տուն գնանք: Կոնսերվատորիայում չէի սովորում, բայց այնքան շատ էի ներս մտնում, երբ այնտեղ էիր: Հիմա չեմ կարողանում։

Հետո անցա այն խանութի կողքով , որտեղից ամանորյա խաղալիքներ էինք գնում, բայց հիմա այդ խանութի փոխարեն ինչ-որ ուրիշ շինություն էր: Երկար չմնացի այնտեղ․ ուզում էի հիշողությանս մեջ հենց այդ ամանորյա խանութը միշտ մնա:

Ճանապարհին տեսա մեր «coffee house»-ը, որտեղից միշտ սուրճ էինք գնում, երբ անցնում էինք կողքով: Քայլելուս ընթացքում եկավ այն երթուղայինը , որից դուրս գալիս ես մի քանի տարի առաջ ընկա ճանապարհի մեջտեղում ու սկսեցի բարձր ծիծաղել, իսկ Դու, մի կերպ զսպելով ծիծաղդ, նյարդայնացած ասում էիր՝ վե՛ր կաց, շու՛տ:

Հասա շրջանային: Մի օր այստեղ սպասեցի Քեզ, որ գաս, միասին տուն բարձրանանք: Եկար ու երկար քայլեցինք Երևանի փողոցներով, ավելի ճիշտ Դու քայլում էիր, ես վազում։ Ու այսպես անվերջ կարող եմ մեր հիշողությունների մասին գրել։

Բարձրացա տուն, մտա սենյակդ, գրեցի այս տողերը՝ մտածելով , որ դեռ մեր հիշողությունները պետք է կրկնապատկվեն։ Մարդիկ կմտածեն ՝ գժվել եմ, բայց ես Քեզ այնքան շատ եմ սպասում»