Նարինե Դիլբարյանը գրում է․ «ՀՀ ընտրական մերժում-մուրճահարումներն արդեն անցյալ են՝ իրենց հետևանք խորհրդարանով, բայց ներկան, հատկապես աշխարհաքաղաքական մարտահրավերներով առավել քան խնդրահարույց է:

Թուրքիան մեծացնում է իր ռազմաքաղաքական ներկայությունը Հայաստանի սահմաններին և Արցախում, Շուշիի հռչակագիրը նախանշում է Արցախից բռնակցված տարածքներում թուրքական ռազմակայանների տեղակայում, Ադրբեջանի զինուժը ՆԱՏՕ-ական փորձառու թուրքական բանակային ուժերի հետ տարվա բոլոր եղանակներին՝ ձմեռ, գարուն, ամառ… զորավարժություններ է անցկացնում՝ բարձրացնելով ադրբեջանական զորքերի մարտունակությունը, Նախիջևանում պաշտոնապես բացված օդանավակայանում Բայրաքթար տեսակի անօդաչուներ են տեղակայել, ինչպե՞ս դրան արձագանքում Հայաստանը՝ կրավորական լռությամբ և անգործունեությամբ:

ՀՀ ԳՇ պետը ՀՀ սահմանների պաշտպանությունը Սյունիքից հետո Գեղարքունիքում քաղաքական ինչ-ինչ համաձայնությամբ ձգտում է ռուս սահմանապահներին հանձնել, հարց է ծագում, թե ինքն իր թիմով ինչո՞վ է զբաղվելու, ԱԽ քարտուղարը գերիների վերադարձի չլուծված խնդիրը փորձում է բարդել հրաժարական տված արտգործնախարարի ուսերին:

Ադրբեջանը Հայաստանին «խաղաղության» մեծ համաձայնագրի նախագծեր է առաջարկում, քանզի չունենք ԱԳՆ, Բայրամովը Լավրովի հետ է քննարկում տխրահռչակ «Զանգեզուր միջանցքի» ծրագիրը, ըստ Բայրամովի առաջին անգամն է, երբ օկուպացիայի փաստ ատկա չէ, մեզ խայծեր են նետվում թուրքական կապիտալի ներհոսքի ու ներդրումների տեսքով:

Ի վերջո, առանց մեզ Հայաստանով անցնելիք ճանապարհների հարցը չի կարող հանգուցալուծվել, բայց մեր մարտավարությունն անհասկանալի է, ողջ ընտրարշավի ընթացքում հաղթած ուժերից ոչ մեկը հստակ հայեցակարգ չներկայացրեց տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, միայն փոխադարձ ատելավառ որակումներ:

Եվ առաջիկայում էլ նոր խորհրդարանում հայտնված ուժերը միմյանց «հայելային» վերաբերմունքով են սպառնում: Իսկ արտաքին աշխարհին ի՞նչ վերաբերմունք-քաղաքականություն է առաջարկվելու կրավորական համակերպումից զատ, չի պարզաբանվում։ Հայաստանում ԿԸՀ համաձայնությամբ իրավապահ մարմինների անդուլ ջանքերով բժիշկ Ա. Չարչյանին են մեկ ամսով կալանավորել, իսկ իշխանության ներկայացուցիչների՝ ընտրական օրենքի տարաբնույթ արձանագրված խախտումներն էական չեն, ահա հետընտրական Հայաստանում լուծվող խնդիրների տրամաչափը»։