ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ մեզ հետ չէ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Մշակույթի գործիչների ընկերակցության նախագահ, Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի ղեկավար Սիլվա Մեքինյանը։

Սիլվա Մեքինյանը ծնվել է 1930 թվականին, իր կրթությունը ստացել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ մեծանուն մանկավարժներ Դմիտրի Լեգկերի և Վիտոլդ Պորտուգալովի ղեկավարությամբ։
1960 թվականին Մեքինյանը ստանձնել է Երևանի խորեոգրաֆիկ ուսումնարանի տնօրենի պաշտոնը, իսկ 1973-1982 թվականներին ղեկավարել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Նրա ղեկավարման տարիներին թատրոնի խաղացանկը հարստացել է նոր ներկայացումներով, կազմակերպվել են միջազգային հյուրախաղեր։ 1982-1991 թվականներին նա զբաղեցրել է Հայկական ԽՍՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնը։

1988 թվականին, Սիլվա Մեքինյանի նախաձեռնությամբ, հիմնադրվել է «Մշակույթի գործիչների ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը, որի շրջանակում ստեղծվել է «Հայաստանի նոր անուններ» ծրագիրը։
Նրա գործունեության առանցքային ուղղություններից է եղել երիտասարդ տաղանդավոր երաժիշտների բացահայտումը և նրանց մասնագիտական առաջխաղացման աջակցությունը։ Նրա ղեկավարությամբ հայ պատանի երաժիշտները իրենց արվեստն են ներկայացրել Լատինական Ամերիկայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և այլ երկրներում՝ դառնալով ազգային մշակույթի դեսպաններ։