Լրագրող և հրապարակախոս Անի Քոչարը ինստագրամյան իր էջում անդրադարձել է Մարմարիկում կորած 2-ամյա Տիգրանի ցավալի դեպքին և դրա շուրջ հասարակության շրջանում ստեղծված աղմկոտ իրավիճակին։ Իր գրառման մեջ Քոչարը հիշել է մանկության տարիների փորձառություններից՝ պատմելով, որ ինքն էլ երկու անգամ է կորել։
Առաջին դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանում՝ ծնողների հետ ճամփորդելիս։ Գնացքի կանգառի ժամանակ նա վազել է հոր հետևից՝ կարծելով, թե նա իջել է, իսկ մայրը՝ մտածելով, որ երեխան հոր հետ է, մնացել է վագոնում։ Միայն այն ժամանակ, երբ գնացքը պատրաստվել է շարժվել, Անիին հաջողվել է վերադառնալ և մտնել ներս՝ մինչ ծնողները խուճապահար փնտրում էին նրան։
Երկրորդ դեպքը տեղի է ունեցել 90-ականների տոնավաճառներից մեկում։ Մոր կողքից աննկատ հետ է մնացել, բռնել այլ կնոջ ձեռքը՝ կարծելով, թե մայրը նա է, և այդպես հասկացվել է, որ կորել է։ Նրան տարել են տոնավաճառի ռադիոհանգույց, որտեղ հայտարարվել է երեխայի կորստի մասին։
Քոչարը պատմել է նաև, թե ինչպես է որպես համարձակ ու արկածախնդիր երեխա հաճախ ընկերների հետ իջել ձոր՝ խաղալու կամ ազնվամորի հավաքելու։ Նա ընդգծել է, որ բոլոր այդ դեպքերում իր հետ կարող էր ինչ-որ լուրջ բան պատահել, սակայն բարեբախտաբար ամեն բան հանգիստ է ավարտվել։
Այս պատմություններով Քոչարը փորձել է հասկացնել, որ ցանկացած երեխա կարող է կորել, և նման դեպքերում առաջինը պետք չէ մեղադրել ծնողներին։ Նրա կոչը հետևյալն է եղել՝ խուսափել դատապարտող խոսքերից, չշահարկել դժբախտությունը սեփական անունը բարձրացնելու նպատակով և պարզապես աղոթել փոքրիկի համար՝ թողնելով իրավապահներին գործել առանց ավելորդ աղմուկի։