Դերասանուհի Ռոզա Դավթյանը և սիրելին՝ Գուրգենը, կյանքի ամենագեղեցիկ խոստումներից մեկն են տվել միմյանց՝ հավերժ սիրել, հարգել և կողք կողքի քայլել՝ ուր էլ որ կյանքը նրանց տանի։ Մի քանի ամիս նշանված լինելուց հետո նրանք, շրջապատված իրենց հարազատներով ու ընկերներով, հաստատեցին իրենց սերը՝ պսակադրության սուրբ արարողության ընթացքում։
Ռոզան փայլում էր աննկարագրելի գեղեցկությամբ և նուրբ էլեգանտությամբ՝ ճառագելով իրական երջանկություն։ Երեկոյի ամենահուզիչ պահերից մեկը եղավ նրա և եղբոր պարը. զգացմունքները լցրին դահլիճը, իսկ արցունքները՝ աչքերը։ Այդ պահին ներկաները ևս դժվարությամբ էին զսպում հուզմունքը։
Ըստ հայկական ավանդույթի, սկեսուրը դիմավորեց նորապսակներին մեղրով և լավաշով՝ ի նշան քաղցր և լիառատ կյանքի։
Իսկ սցենարիստ Դիանա Գրիգորյանի ջերմ ու հուզիչ խոսքը հարսանիքին դարձրեց առավել անմոռանալի. նա անդրադարձավ Ռոզայի կյանքում մեծ տեղ ունեցող, բայց ցավոք վաղաժամ մահացած հոր հիշատակին՝ դահլիճում ստեղծելով խորապես հուզիչ մթնոլորտ։
Ամուսնությունը սոսկ սիրո արտահայտություն չէ. այն հավերժության դաշինք է՝ խարսխված փոխադարձ վստահության, հարգանքի և պատրաստակամության վրա՝ կիսելու թե՛ երջանկությունը, թե՛ դժվարությունները։
Այս օրը Ռոզան և Գուրգենը սրտանց կապեցին իրենց ճակատագրերը՝ նոր սկիզբ տալով իրենց միասնական ճանապարհին։