Վատիկանից հայտնել են, որ այսօր՝ ապրիլի 21-ին մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, 88 տարեկան հասակում։
Հռոմի Ֆրանցիսկոս պապի Սուրբ Զատիկի ուղերձը հավատացյալներին
Նախօրեին՝ ապրիլի 20-ին, երբ ամբողջ աշխարհի կաթոլիկները, բողոքականները և ուղղափառ քրիստոնյաները նշում էին Քրիստոսի Հարության տոնը, Պոնտիֆիկոսը ողջունեց մարդկանց Սուրբ Պետրոսի հրապարակում և արտասանեց ավանդական օրհնությունը՝ Urbi et Orbi («Քաղաքին և աշխարհին»): Սա նրա վերջին հրապարակային ելքն էր մահից առաջ, որին նախորդել էր թոքաբորբը։
Ուղերձի տեքստն ինքնին ընթերցել է Հռոմի պապի հանդիսավար, արքեպիսկոպոս Դիեգո Ջովաննի Ռավելլին։ Նա, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության հետ Իսրայելի պատերազմի թեմային՝ տագնապալի անվանելով «աշխարհով մեկ տարածվող հակասեմիտիզմի աճող մթնոլորտը»։
Միևնույն ժամանակ, Ֆրանցիսկոսն իր խոսքում ասաց, որ իր մտքերը կենտրոնացած են Գազայի ժողովրդի վրա, որտեղ «շարունակվող սարսափելի հակամարտությունը բերում է մահ ու ավերածություններ և ստեղծում է դրամատիկ և անընդունելի մարդասիրական իրավիճակ»։ «Կոչ եմ անում հակամարտող կողմերին դադարեցնել կրակը, ազատ արձակել պատանդներին և օգնել սովից և խաղաղ ապագայի ծարավից տառապող մարդկանց։
Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը կոչ է արել քաղաքական առաջնորդներին ուղղել առկա ռեսուրսները կարիքավորներին օգնելու, սովի դեմ պայքարելու և զարգացումը խթանող նախաձեռնություններին աջակցելու համար: «Մարդասիրության սկզբունքը երբեք չպետք է կորչի՝ որպես մեր ամենօրյա վարքագծի ուղեցույց»,- ասաց նա։ Վեհափառ հայրապետը նաև ասաց, որ այս տարվա Սուրբ Զատիկի տոնը պետք է օգտագործել որպես ռազմագերիներին և քաղբանտարկյալներին ազատելու հնարավորություն։
Մեկնաբանելով պոնտիֆիկոսի մահը՝ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն ընդգծել է, որ Ֆրանցիսկոսը «խորը հավատի, խաղաղության և կարեկցանքի մարդ էր»։