Եղանակը չի դադարում անակնկալներ մատուցել։ Չնայած, որ մարտ ամսին են սպասվում եղանակային կտրուկ փոփոխություններ, ու ինչպես ասում են մարտ ամիսը հումորով անվանում են «գիժ» ամիս, այնուամենայնիվ այս տարվա ապրիլը, կարծես թե ետ չի մնում։ Ինչպես արդեն կանխատեսվել էր, ապրիլը լինելու է տեղումնառատ ամիս։ Որոշ շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով։ Այնպես որ դեռ ժամանակը չէ դարակներում խորը տեղավորելու ձմեռային տաք հագուստները, ինչպես ասում են, պետք է հագնվել ըստ եղանակի, այլ ոչ թե ըստ օրացույցի կամ ըստ նորաձևության։
Հայաստանում եղանակային պայմանները փոխվում են․ ապրիլի 14-ի երեկոյան ժամերից սկսած, ինչպես նաև ապրիլի 15-16-ին, ամբողջ երկրով մեկ կանխատեսվում են տեղումներ։ Այս կանխատեսումը հրապարակել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ծառայությունը։
Ձյան առատ տեղումներ սպասվում են Շիրակի, Լոռու մարզերում, Տավուշի նախալեռներում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային շրջաններում։ Այս վայրերում ձյան շերտը կարող է հասնել մինչև 30-40 սմ և ավելի։
Հովտային և նախալեռնային գոտիներում, որտեղ պտղատուները գտնվում են ծաղկման փուլում, ցրտահարության ռիսկ չի կանխատեսվում, ինչը լավ նորություն է գյուղատնտեսների համար։
Եղանակային թեթևացում․
Ապրիլի 17-ից 19-ն ընկած ժամանակահատվածում տեղումները ժամանակավորապես կդադարեն, և օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա՝ աճելով մոտ 10-12 աստիճանով։
📌 Խորհուրդ է տրվում հետևել եղանակային նորություններին և լինել զգոն, հատկապես լեռնային և դժվարանցանելի ճանապարհահատվածներում։