Թերզյան ընտանիքը շարունակում էր ապրել Թուրքիայում՝ չնայած այդ երկրի վարած հանրահայտ քաղաքականությանը։ Ընտանիքի հայրը՝ Կարապետը, միառժամանակ ծառայել է թուրքական բանակում։ Հետո նա ամուսնացել է Մարիամի հետ։
1981 թվականին ծնվում է ընտանիքի առաջնեկը՝ Սեզեդեն։ Հետո լույս աշխարհ է գալիս ընտանիքի երկրորդ զավակը՝ Արամը։ Արամի ծնվելուց հետո՝ շատ չանցած, Կարապետը մահանում է։
Կարապետի մահից հետո Թուրքիայում ապրող Մարիամը ստիպված է լինում ամուսնանալ ազգությամբ թուրք մի տղամարդու հետ, որ կարողնա հոգալ երկու զավակների՝ որդու և դստեր կենցաղային հոգսերը։
Մարիամի զավակները այդպես էլ չեն համակերպվում խորթ հոր ճնշումներին։ Նրանք փախչում են Գերմանիա՝ հաստատվելով Բադեն-Վյուրթեմբերգում։ Մանկության տարիներին կուտակված ասելիքը Սեզեդեն նախ փորձում է երաժշտության միջոցով արտահայտել։
Նա հետագայում հասկանում է, որ իրենը թատրոնն է։ Սկսում է լրջորեն զբաղվել թատրոնով։ Նա վերապատրաստվում է Էռնստ Բուշի դրամատիկական արվեստների ակադեմիայում և 2005 թվականին ավարտելուց հետո հիմնադրում «Eigenreich» անկախ թատերական ընկերությունը։