«Ուսանելու այդ մի քանի տարիներին դու այդ ի՜նչ հնարքներով քեզ դրսեւորեցիր, որ ոչ միայն Վրաստանում, այլեւ Հայաստանով մեկ անունդ տարածվել էր, ու Երեւանից հեռագիր ես ստանում, թե․․․»

Հովհաննես Պապիկյանը գրում է․ «Սիրելի, սիրելի Կարպ Խաչվանքյան։ Երբ դու Ախալցխայից գնացիր Թիֆլիս՝ ուսանելու «Վրացֆիլմ» կինոստուդիայի դերասանական դպրոցում, այդ նույն Ախալցխայում ես դեռ չէի ծնվել: Ուսանելու այդ մի քանի տարիներին դու այդ ի՜նչ հնարքներով քեզ դրսեւորեցիր, որ ոչ միայն Վրաստանում, այլեւ Հայաստանով մեկ անունդ տարածվել էր, ու Երեւանից հեռագիր ես ստանում, թե՝ «Հրավիրում ենք աշխատելու Երեւանի երաժշտական կոմեդիայի թատրոնում»:

Եվ ստորագրությո՜ւնը՝ Արտեմի Այվազյան: Երբ դու արդեն Երեւանում էիր, ես քո ծննդավայր Ախալցխայում նոր էի ծնվել: Ո՞վ կմտածեր, թե Երեւանում իմ ուսանելու տարիներին ամենասիրելի թատրոնն այն էր, ուր խաղում է զեմլյակս՝ արդեն մեծանուն, արդեն ճանաչված ու շա՜տ սիրելի Կարպ Խաչվանքյանը:

Արամաշոտ Պապայանի «Մեծ հարսանիքում» Ի՜նչ սիրելի էիր դու՝ քո բարձր հասակով, քո հմայքով, քո առիքնող ժպիտով ու նաեւ քո ընդունելի առոգանությամբ: Ես հաջորդ առավոտ շտապում էի թերթի կրպակ՝ վայելելու մամուլի արձագանքները, եւ սիրտս ուռչում էր հրճվանքից Ախալցխացու մասին այդչափ գեղեցիկ գովաբանությունները կարդալով:

Հետո դու մի շարք դերեր կերպավորեցիր արդեն բծախնդիր Վարդան Աճեմյանի հովանու տակ, եւ արդեն այդ թատրոն եկողները պարզապես գալիս էին Կարպին նայելու: Ի՜նչ գնահատանք՝ քո մեջ թատրոնն էինք տեսնում, եւ թատրոնով՝ քեզ:

Ես հիմա էլ չգիտեմ, թե քեզ երբվանի՞ց, ո՞ր դերիցդ հետո քեզ կատակերգու համարեցին: Գուցե կատակերգու, բայց ինձ համար դու մնացիր ո՛չ թե էժան էֆեկտներով պարզպես ծիծաղացնող, այլ քո լուրջ խաղն էր դահլիճը պայթեցնում ծիծաղից: Ահա քո վարպետությունը:

Դու՝ կյանքում /քեզ հետ մի քանի հանդիպումների տպավորությունս է /չափազանց համեստ, չափի զգացումը միշտ քեզ հետ, անգամ ամաչկոտ, երբ գովում էին քեզ, բեմը դարձրել էիր քո պաշտամունքը: Ուրիշ ինչ կերպ կարող էիր այդքան սիրելի, այդքան պահանջված մնալ, այդքան ժողովրդականություն վայելել: Ահա իմ շնորհավորանքը քեզ, իմ հպարտություն ու իմ սիրելի, որ կոչվում է Կարպ Խաչվանքյան»։

Рейтинг
( 3 оценки, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: