Այս լուսանկարին նայելիս շատերն աներկբա ասում են, որ պատկերված է ժամանակակից երգահան, ստեղծագործող Ավետ Բարսեղյանը, սակայն նրանք խորապես սխալվում են, քանի որ լուսանկարում հանճարեղ Վիլյամ Սարոյանն է պատկերված։
Նրա ծնողները եկել էին Բիթլիսից, իսկ նա իր սրտում գենետիկորեն վառ էր պահում Էրգրի կարոտը։ Սարոյանը հետագայում անգլերենով գրեց հայի մասին՝ աշխարհին պատմելով տեղահան եղած հայի ողբերգությունը։
Նրա գրիչն այնքան բարձրարժեք էր, որ նա շուտով համարվեց Ամերիկայի ամենից հայտնի ու տաղանդավոր գրողներից մեկը՝ մրցելով ժամանակի լեգենդար ամերիկացի գրողների հետ։
Սարոյանը լույս աշխարհ է եկել 114 տարի առաջ՝ այս օրը։ Նրա առաջին գործերը հրատարակվել են Սիրակ Գորյան գրական ծածկանունով։
Սարոյանն ընտանիք էր կազմել Քարոլ Գրեյսի հետ։ Նրանք երկու զավակ ունեն՝ Լյուսին և Արամը։
Լյուսին ամերիկյան միջավայրում հաջողակ դերասանուհի և լուսանկարչուհի է, իսկ Արամը ժառանգել է հոր գրողական տաղանդը․ նա արձակագիր է։