Օրը տոնական է՝ ոչ աշխատանքային: Մայիսմեկյան տոնական տրամադրությունների մասին տարբեր սերնդակիցներ տարբեր զգացողություններ, ընկալումներ և հիշողություններ ունեն:
Սովետական սերնդի ներկայացուցիչների համար օրը արևոտ ու պայծառ եղանակի ուղեկցությամբ թեմատիկ շքերթների, երթերի հոտ ու բույր ունի:
Անկախության շրջանի սերունդը ավելի շատ տոնի մասին գաղափարական պատկերացում ունի, քան հիշողություն, քանի որ օրը տոնական է եղել, սակայն շատերը դարձյալ շարունակել են աշխատանքային գործունեությամբ զբաղվել՝ կրկնելով «Աշխատասիրությունը գեղեցկացնում, զարդարում է մարդուն»:
Առավել ժամանակակից սերունդն արդեն կատակում է այս թեմայով՝ ասելով. «Իսկ օնլայն աշխատանքը արդյոք գեղեցկացնո՞ւմ է մարդուն»:
Այսպիսի տոնական և զվարճալի տրամադրությունների պակաս համացանցային հարթակն այս օրերին չունի:
Ինչևէ, տոնն առավելաբար գաղափարական նշանակություն ունի և արժևորում ու գնահատում է աշխատավոր մարդկանց կատարած գործունեությունը:
Միմյանց շնորհավորելու ևս մեկ առիթն ամենևին էլ ավելորդ չէ, ուստիև դարձյալ շնորհավորում ենք աշխատավորներին՝ միանալով հնչող և գրվող շնորհավորական բոլոր խոսքերին: