Հաց բերողի կերպարը հայ իրականության մեջ նորություն չէր. նա կար դեռ արցախյան շարժման տարիներից սկսած: Արցախյան կռիվների տարիներին հակառակորդի կրակահերթերի վտանգի տակ հաճախ իրենից լուրջ վտանգ էր ներկայացնում դիրքապահներին հացով ապահովելը: Այդ վտահգավոր գործն իր վրա վերցնող անվախ մարդուն էլ Հաց բերող անվամբ էին կնքել:
Հետաքրքրաշարժն այն է, որ այդ մարդը՝ Արթուր Սարգսյանը, արցախյան շարժման տարիներից շատ հետո պետք է իր նվիրական գործը շարունակեր արդեն մայրաքաղաքում՝ կրկին հաց հասցնելով իր ընկերներին, որոնք այս անգամ, ցավոք, այլ հանգամանքներում և իրավիճակում էին հայտնվել:
Սրանից չորս տարի առաջ Երևանի ամառային հայտնի դեպքերի ժամանակ Արթուրը, իր կյանքը վտանգի ենթարկելով, շրջափակման մեջ հայտնված ընկերներին մթերք է հասցնում, ինչի պատճառով էլ դժվարագույն իրավիճակում է հայտնվում: Այս դեպքերի արդյունքում առողջական լուրջ խնդիրներ է ձեռք բերում, որոնք էլ մեկ տարի անց խլում են նրա կյանքը:
Այժմ այդ ճակատագրական օրը՝ օգոստոսի 9-ը, հայ իրականության մեջ նշվում է որպես Հաց բերողի օր, իսկ այսօր հայտնի հայորդու հիշատակի օրն է: