Գրող Լուսինե Աղաջանյանը «Ազգային ճոճքեր» շարքից մեջբերում է հետևյալ հատվածը․ «Առաջին անգամը չէ, որ ինձ զարմացնում են մարդկանց անունները: Օրինակ՝ երեք ծեր քույրեր կային, որոնց անուններն էին՝ Հայաստան, Բուրաստան, Չինաստան: Հանգերից բացի, տեսնես ուրիշ ի՞նչն էր ավագ քույրերին կապում կրտսերի հետ:
Նրան ի դեպ, կրճատ Չինո էին ասում, հետևաբար, եթե անունը Ղազախստան լիներ, կրճատելն անհարմար բանի կհանգեցներ: Այս կոչել-կանչելը հայոց մեջ տարածված պրակտիկա է, օրինակ մայրս պատմում է, որ իմ ծնվելուն ուրախությամբ սպասող պապս ամեն օր մտածել է՝ «չիդեմ Յուրիկ դնեմ՝ Եգոր ըսե՞մ, թե Ալիկ դնեմ՝ Աշիկ ըսեմ»։
Բախտս բերել է՝ աղջիկ եմ ծնվել: Թեև ինձ պատմեցին, որ գյուղերում եղել են տղամարդու անունով կանայք. օրինակ անձնագրով Զավենին Զանան էին ասում, Լյուքսենին՝ Լուսո: Անվանումների մասին շատ եմ զրուցել մարդկանց հետ: Բարեկամս մի հետաքրքիր բացատրություն ուներ, թե ինչու է մարդու անձնագրային անունն ու բոլորին հայտնի դիմելաձը էականորեն տարբերվել անցյալ դարի Հայաստանում։
Պատճառը նախապաշարումն էր, որ վատ խոսքն ու անեծքը չդիպչեր մարդուն. ենթադրենք ասեին՝ թաղե՛մ քեզ Անուշ, նա չթաղվեր, որովհետև իրականում, անձնագրով Ծովինարն է: Ես էլ ասում եմ, թե ինչու՞ են քաղաքական գործիչները խաղա՜ղ ու ինքնավստահ ժպտում էսքան անեծքի ու թուքումուրի հորձանքի մեջ…Դրանց փաստաթղթերը պետք է գտնել»։