Մի կերպ Աճառյանին հրում մտցնում են Աբեղյանի սենյակը, դուռը կողպում, որ Հրաչյան մտքափոխ չլինի ու դուրս գա սենյակից։ Իրենք բանալու անցքից հետևում են, թե ինչ է լինելու

Թեմիկ Խալափյանը գրում է․ «Ինչի մասին որ ուզում եմ պատմել, ինձ պատմել է գրականագետ Սերգեյ Ումառյանը։ Խոսքը Հրաչյա Աճառյանի ու Մանուկ Աբեղյանի՝ լեզվի վերաբերյալ ունեցած տարաձայնության մասին է։

Հայոց լեզվի ինչ-ինչ սկզբունքների վերաբերյալ տարաձայնություններ են առաջանում այս երկու լեզվաբանների միջև։

Այս հողի վրա էլ, մեր երկու լեզվաբանները խռովում են իրարից ու երկար ժամանակ չեն խոսում իրար հետ։

Անցնում է երկար ժամանակ, սրանք դեռ մնում են իրենց ասածին։ Մոտիկ ընկերներին հաշտեցնելու փորձերը արդյունք չեն տալիս։

Գալիս է մի ժամանակ, Մանուկ Աբեղյանը ծանր հիվանդանում է և մահամերձ պառկած է լինում։

Ընկերներից մի քանի հոգի գնում են Աճառյանենց տուն ու փորձում են համոզել՝ գնալ ու հաշտվել Մանուկի հետ։

— Չէ՛, չե՛մ հաշտվի, — կտրուկ հրաժարվում է Աճառյանը։ Վերջապես, Աճառյանը տեղի է տալիս ընկերների թախանձանքին, ու միասին գնում են Աբեղյանենց տուն։

Տուն են մտնում, բայց էլի Աճառյանը ընդիմանում է և չի ուզում մտնել այն սենյակը, ուր Աբեղյանը մահամերձ պառկած է լինում։

Մի կերպ, ինչպես ասում են, Աճառյանին հրում մտցնում են Աբեղյանի սենյակը, դուռը կողպում, որ Հրաչյան մտքափոխ չլինի ու դուրս գա սենյակից։

Իրենք բանալու անցքից հետևում են, թե ինչ է լինելու, ինչ են խոսելու այդ օրհասական պահին։

Աճառյանը նստում է Աբեղյանի մահճակալին մոտ դրված աթոռին ու մնում լուռ։ Երկար որ նստում են անխոս, վերջապես Աբեղյանն է առաջինը լռությունը խզում.

— Է՜, Հրաչյա, գնում ե՜մ, — ասում է Աբեղյանը հուսահատ։

— Որ գնում ես, էնտեղ որ հանդիպես Մեսրոպ Մաշտոցին, ի՞նչ ես պատասխան տալու, — հակադարձում է Աճառյանը»։

Рейтинг
( 10 оценок, среднее 4.4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: