Թռչնի կաթ տորթի այս բաղադրատոմսով խմորն ստացվում է փափուկ․ այն պետք չէ որևէ օշարակով հավելյալ փափկեցնել ,իսկ կրեմը, որը սպիտակաձավարի հիման վրա է, պարզապես հրաշք համ ունի․ շատ-շատ նուրբ է և շատ համեղ:
Անհրաժեշտ է
Սերուցքային կարագ՝ 150 գ
Ձու՝ 4 հատ
Ալյուր՝ 160 գ
Շաքարավազ՝ 180 գ
Կակաո՝ 3 թ/գ
Փխրեցուցիչ՝ 10 գ
Աղ՝ 1 պտղունց
Կրեմի համար
Կաթ՝ 500 մլ
Սպիտակաձավար՝ 3 ճ/գ
Սերուցքային կարագ՝ 300 գ ( կարելի է ավելացնել 200․ եթե չեք ցանկանում կրեմը յուղոտ լինի)
Շաքավարազ՝ 150 գ
Վանիլին՝ 20 գ
1 փոքր լիմոնի հյութ
Գլազուրի համար
Թթվասեր՝ 3 ճ/գ
Շաքարավազ՝ 3 ճ/գ
Կակաո՝ 3 թ/գ
Կարագ՝ 10-20 գրամ
Պատրաստման եղանակը
Փափկեցրաց կարագը խառնել շաքարավազի, աղի հետ՝ հատ-հատ ավելացնելով ձուն հարել 5 րոպե: Ալյուրի և փխրեցուցիչի հետ միասին խմոր հունցել, բաժանել երկու մասի: Խմորի կեսի մեջ ավելացնել կակաո և խառնել՝ մինչ միասեռ դառնա, մնացած խմորը թողնել սպիտակ:
Կաղապարի հատակին յուղած թուղթ փռել, թխել 180 աստիճանով 20-25 րոպե՝ մինչ պատրաստ լինելը։ Թողնել որպեսզի շերտերը լիարժեք սառչեն: Տաք կաթի մեջ ավելացնել աղ և բարակ շիթով լցնել սպիտակաձավարը՝ եփելով մինչ պնդանա: Ապա թողնել որպեսզի սպիտակաձավարով շիլան սառչի:
Կարագը հարել շաքարավազի և վանիլինի հետ և մաս առ մաս լրիվ սառը վիճակում գտնվող սպիտակաձավարով շիլան ավելացնել խառնուրդի մեջ՝ լավ հարելով: Վերջում ավելացնել լիմոնի հյութը: Գլազուրի համար խառնել բոլոր բաղադրիչները և եփել մինչ մգանա, թողնել որպեսզի սառչի:
Սառեցված խմորի շերտերը կիսել, կրեմը կիսել երեք մասի և հավաքել տորթը՝ վերջում պատելով գլազուրով: Պատրաստի տորթը թողնել 2-3 ժամ սառնարանում: Մատուցելուց առաջ նախօրոք հանել սառնարաին, որպեսզի կրեմում գտնվող սերուցքային կարագը մի փոքր հալչի և կրեմը սուֆլեից ավելի նուրբ կդառնա: